Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի բնակիչ, 2015թ. նոյեմբերին արյան քաղցկեղից մահացած 29-ամյա Անդրանիկ Գրիգորյանը մահվանից առաջ տեսաուղերձ է թողել ու իր  հիվանդության առաջացման համար ծնողներին մեղադրել:

«Ես հիվանդանոցում եմ, ծանր վիճակում եմ իմ ծնողների եւ Շավո քեռու հարվածների  պատճառով: Ես տեսանյութը թողնում եմ իմ ապագայի, իմ երեխաների մասին մտածելով: Ուզում եմ միշտ պաշտպանված լինել»,- ասում է մահացածը տեսանյութում, որը NEWS.am-ին է տրամադրել նրա կինը՝ Լուսինե Գրիգորյանը:

Կնոջ պատմելով՝ ամուսնուն նրա հայրը, մայրն ու մորեղբայրը 2014թ. դաժան ծեծի են ենթարկել, քանի որ նա ընտանիքով տեղափոխվել է առանձին ապրելու, գյուղատնտեսական աշխատանքներում դադարել է օգնել ծնողներին: 

«Ամուսինս ուզեց, որ մենք բաժանվենք, որովհետեւ շահագործվում էինք: Դա իրենց դուր չեկավ, քանի որ դաշտեր ունեին, դրանք մշակելու գործը մնաց իրենց վրա: Մեր բաժանվելուց մի շաբաթ էր անցել, սեպտեմբերն էր, ամուսնուս ասեցին՝ ավտոմեքենան բեր: Ամուսինս երեկոյան գնացել է, որ բերի ավտոմեքենան, խաբել, տարել են տուն ու ծեծել են: Հայրը մի քանի անգամ հարվածել է վզակոթին, հետո՝ երբ ամուսինս փորձել է նստել ավտոմեքենան, մեքենայի դուռը բացել է ու ձախ կողքին է մի քանի անգամ հարվածել: Մայրը ճանկռել, վերնաշապիկն է ճղել, կանչել է իր եղբորը, նա էլ է հարվածներ հասցրել»,- NEWS.am-ին պատմեց Լուսինե Գրիգորյանը:

Կնոջ խոսքով՝ ամուսինը մի կերպ տուն է հասել, սակայն չի դիմել բուժօգնության, որ դեպքի մասին ոստիկանությունում չիմանան, ծնողները պատասխանատվության չենթարկվեն:

«Ասում էր՝ ոնց կարամ բողոքեմ իմ ծնողների դեմ, եթե գնամ հիվանդանոց, կասեն, թե բողոքում եմ ծնողներից դեմ, գյուղում չեն հասկանա»,- ասաց կինը:

Լուսինե Գրիգորյանի պատմելով՝ դրանից հետո ամուսնու մոտ ցավեր են առաջացել ձախ կողքի շրջանում, որոնք հետզհետե ուժեղացել են: 2015թ. մարտին Անդրանիկ Գրիգորյանի մոտ արյան քաղցկեղ են հայտնաբերել:

«Ջերմություն ունեցավ, գնացինք թոքերը ստուգեցին, ուղարկեցին սոնոգրաֆիայի, պարզվեց, որ լեյկոզ է մոտը»,- պատմեց նա՝ նշելով, որ վստահ է, որ դեպքից առաջացած սթրեսի, ստացած հարվածների հետեւանքով է ամուսինն այդ հիվանդությունը ձեռք բերել:

Անդրանիկ Գրիգորյանը, որ 2 ամիս անցկացրել է հիվանդանոցում, քիմիաթերապիայի կուրսեր անցել, մահացել է 2015թ. նոյեմբերի 13-ին: Հիվանդանոցում եղած ժամանակ էլ  Անդրանիկը տեսաուղերձն է ձայնագրել, որպեսզի, ինչպես կինն է պատմում, իր 6-ամյա դուստրն ու 4-ամյա որդին հասուն տարիքում ճշմարտությունն իրենից լսելու հնարավորություն ունենան:

Անդրանիկի կինը դիմել է ոստիկանություն, սակայն քրեական գործ չի հարուցվել՝ պատճառաբանությամբ, որ դեպքից այդքան ժամանակ անց հնարավոր չէ պարզել մահվան անմիջական կապը ծեծի հետ: