Վայոց Ձորի Խաչիկ գյուղում մարտի 21-ին գայլի կողմից հարձակման ենթարկված 75-ամյա Ռոզա Հարությունյանին գայլը ահագին տեղ քարշ է տվել, հետո մի կերպ կինն ազատվել է:
«Առավոտը սովորականի պես գնացի՝ վեդրոյով կովի առաջը բան գցեի: Գոմի դռան առաջն էր գայլը, հասավ վրես: Ահագին տեղ էլ քարշ տվեց հողերի միջով: Նոր մի կերպ կռիվ տալով պոկվեց, հետո հարձակվեց ձեռքիս վրա»,- NEWS.am-ի թղթակցին ասաց Ռոզա Հարությունյանը, որն այսօրվանից կարողանում է խոսել:
Նշենք, որ 75-ամյա կինը դեռեւս գտնվում է Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքում:
Հիշեցնենք, որ Ռոզա Հարությունյանը մարտի 21-ին Եղեգնաձորի ԲԿ-ից տեղափոխվել էր Երեւան, ապա վիրահատվել: Վիրահատությունը տեւել էր 4 ժամ, վիրահատարանում միաժամանակ աշխատել էին վիրահատական մի քանի խմբեր` միկրովիրաբուժական, պլաստիկ եւ դիմածնոտային: Հատուկ իմպլանտի միջոցով բժիշկներին հաջողվել է վերականգնել կոտրված աջ այտոսկրը: Աջ կողմի այտի եւ քթի հատվածում մաշկի վնասվածքը կվերականգնվի հաջորդ վիրահատության ընթացքում, որը նախատեսվում է իրականացնել մի քանի շաբաթ անց:
Կինը գայլի հարձակման էր ենթարկվել անասնագոմի մոտ: Նա ձեռքերի ու դեմքի վնասվածք ունի, դեմքի մի մասը, կարելի է ասել՝ չկա:











