Մարտի 15-ի գիշերը ոստիկանության Արտաշատի բաժնի աշխատակիցները կատարված գողության վերաբերյալ տեղեկություն էին ստացել: Ըստ այդմ, երեք հոգի «Ժիգուլի» մակնիշի մեքենաներից պարբերաբար գողություններ են կատարել: Ոստիկանները մեկնել են քաղաքի Իսկավոի թաղամաս, որտեղ այդ պահին կատարվում էր գողությունը: Նրանք հայտնաբերել են երեւանցիներ 23-ամյա Կարեն Փ.-ին, 21-ամյա Գեւորգ Պ.-ին եւ Գագիկ Հ.-ն, որոնք իրենց վարած «Օպել» եւ ՎԱԶ 2106» մեքենաներով հանդերձ բերման են ենթարկել ոստիկանություն:
Նրանք նախկինում միասին աշխատել էին սուպերմարկետում, որտեղ էլ ծանոթացել էին:
«Մեքենա էի վերցրել, վերջին ամիսը չէի կարողացել մուծել: Պիտի փողը տանեի տայի, թե չէ ավտոն վերցնում էին»,-ոստիկանությունում պատմել է Գեւորգ Պ.-ն՝ փորձելով «հիմնավորել» իրենց արարքը: Նույն պատճառաբանությունն է բերել նաեւ Գագիկ Հ.-ն:
Գեւորգ Պ.-ի եւ Գագիկ Հ.-ի մեքենաներից հայտնաբերվել է ամբողջ գողոնը՝ 12 մարտկոց, 7 ձայնարկիչ բարձրախոսեր եւ այլ գողոն:
Երիտասարդները ընտրել էին խորհրդային արտադրության մեքենաներ: Դուռը բացել էին հարմարեցված բանալիներով: Եթե մեքենայում եղել էր ձայնարկիչ, գողացել էին ձայնարկիչը, եթե ոչ՝ մարտկոցը: Ընդհանուր առմամբ, նրանք թալանել էին շուրջ 40 մեքենա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:











