73-ամյա Ռուդիկ Պետրոսյանը 25 տարի է՝ տարբեր գույնի կվարցային ավազներից սարերի, լեռների պատկերներ է ստանում ու վաճառում։ Ավազե պատկերները 180 աստիճանով շրջելու դեպքում սկսում են հոսել ու առաջացնում բոլորովին նոր պատկեր։

«Ավազից հիմնականում սարեր եմ ստանում, քանի որ մեր միակ հարստությունը  սարերն են․ այդ պատճառով էլ իմ գործերն անվանել եմ  «Մենք ենք, մեր սարերը»: Երբ նկարը շրջում ես, ավազը սկսում է ներքեւ հոսել եւ վերջում լրիվ նոր պատկեր է ստացվում»,- ասում է նա։

Ավազից բնապատկերներ ստեղծելու գաղափարը Ռուդիկ Պետրոսյանի մոտ առաջանում է տասնամյակներ առաջ, երբ արտասահմանից բերված նմուշը տեսնելով՝ մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկ Ռուդիկ Պետրոսյանը հասկանում է՝ ինքն էլ կարող է նման բան ստանալ։

«Էս գործն անելու համար միայն ավազի հետ աշխատելն ու գույներ համադրելը քիչ է․ պետք է ֆիզիկա իմանաս, որը որի հետ համադրես, որ ճիշտ պատկեր առաջանա։ Տարիներ շարունակ Հայաստանում միայն ես եմ պատրաստել էսպիսի գործեր, հիմա մի քանիսը կան, ինձնից թխել են, բայց իմ պես ոչ մեկը չի կարողանում ստանալ»,- ասում է Ռուդիկ Պետրոսյանը։

Ռուդիկ Պետրոսյանը տարիների ընթացքում տուրիստներին գրավելու եւ նրանց հետ աշխատելու իր մեթոդներն է մշակել․ սովորել տարբեր լեզուներով հաղորդակցվել հաճախորդների հետ։

«Պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, մի քիչ էստոներեն գիտեմ, որ գալիս են, բոլորին էլ հասկանում եմ, բացատրում եմ ասելիքս։ Այս օրերին իրանցիների Նոր տարին է, պարսկերեն գրել փակցրել եմ «Շնորհավոր Նոր տարի», իրենք էլ գալիս, տեսնում-ուրախանում են»,- ասում է նա։

Ռուդիկ Պետրոսյանը համոզված է՝ իր պատրաստած «հոսող» բնապատկերները նաեւ հանգստացնող ազդեցություն ունեն։ «Դա ես չեմ ասում, հոգեբաններն են ասում»,- ասում է նա ու գույների հոգեբանական ազդեցության մասին պատմող բազմալեզու թռուցիկներ տրամադրում տաղավարին մոտեցող ցանկացած հաճախորդի։

Ռուդիկ Պետրոսյանը չի մոռանում նաեւ հաճախորդների անհավանական ցանկությունների մասին։

«Մի օր եկան ասին՝ կարո՞ղ եք ավազից դիմանկար պատրաստել։ Ասի՝ որ կարողանամ, ինձ Նոբելյան մրցանակ կտան»,- ասում է նա։