26-ամյա փաստաբան Լիանա Մանուսաջյանը 4 տարի է՝ աշխատանքի է գնում հեծանիվով։ Շրջապատը միանգամից չնընկալեց երիտասարդ աղջկա այս որոշումը:

«Երբ դատարան կամ ոստիկանություն էի գնում ու կանգնում հեծանիվով, տարօրինակ էին նայում, մտածում՝ արտասահմանից եմ եկել, քանի որ հատկապես 4 տարի առաջ  Հայաստանում հեծանիվ քշող աղջիկները շատ քիչ էին»,- ասում է Լիանան։

Եղել են դեպքեր, երբ վարորդները փողոցում նրան նկատելով, մեքենայից բացականչել են՝ «աղջի՛կ ջան, մի՛ քշի, վտանգավոր է»:

Ժամանակի ընթացքում, սակայն, մարդկանց տարօրինակ հայացքներն ու զգուշացումները փոխարինվել են դրական վերաբերմունքով, ոմանք նրա օրինակով հրաժարվել են մեքենա վարելուց՝ այն փոխարինելով հեծանիվով:

«Հիմա արդեն մարդիկ չեն ասում՝ մի՛ քշի, վտանգավոր է, ասում են՝ բա մենք էլ չունենայինք, քշեինք։ Ես տեսնում եմ, որ օրեցօր Հայաստանում հեծանիվ վարողների թիվն ավելանում է»,- ասում է Լիանան։

Աղջկա խոսքով՝ ժամանակի ընթացքում կոտրվել է նաեւ այն կարծրատիպը, թե հեծանիվ վարելը կարող է ազդել լուրջ մասնագիտություն ունեցող աղջիկների հեղինակության վրա։

«Հայերի մոտ ընդունված կարծիք կա, չէ՞, որ աղջիկը չպետք է հեծանիվ վարի, հատկապես եթե փաստաբան ես, դա կարող է ազդել քո հեղինակության եւ իմիջի վրա։ Բայց ես իմ փորձով ապացուցեցի, որ մեկը մյուսի հետ որեւք կապ չունի»,- նշում է նա։

Լիանան համոզված է՝ հեծանիվ վարող մարդը հոգ է տանում ոչ միայն բնության մասին ու նպաստում դրա պահպանմանը, այլեւ խնայում իր ժամանակն ու միջոցները։

«Հեծանիվ վարող մարդն առաջինը լուծում է էկոլոգիական խնդիրներ, քանի որ թունավոր արտանետումների քանակն է նվազում։ Երկրորդը՝  խցանումների դեպքում հեծանվորդը կարողանում է արագ շրջանցել դրանք,  եւ որ ամենակարեւորն է՝ այն  առողջարար է, հեծանիվ վարելուց հետո մարդն իրեն թարմ ու առույգ է զգում»,- նշում է նա։