Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու մանկական սրճարանից բջջային հեռախոս գողացած անձի ինքնությունը։
2016 թվականի մարտի 11-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Մ.Խորենացի փողոցում գործող մանկական սրճարանում գտնվող խաղային ապարատի վրայից առերեւույթ հանցագործություն կատարած անձը հափշտակել է «HTC Desire 820» տեսակի բջջային հեռախոս՝ քաղաքացուն պատճառելով զգալի չափի գույքային վնաս:
Դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ստացվել են մանկական սրճարանում գործող անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, որտեղ երեւում է, թե ինչպես է մի տղամարդ սրճարանում գործող խաղային ապարատներից մեկի վրայից վերցնում բջջային հեռախոսը, դնում բաճկոնի գրպանը եւ դուրս գալիս սրճարանից:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ տեսագրության մեջ պատկերված անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Ովքեր ճանաչում են տեսանյութում պատկերված անձին կամ որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:











