Հինգուկես տարի առաջ դեռ չծնված Հայկին հայրը լքեց, բժիշկներն ասացին՝ հաստատ չի ապրի: Բայց Հայկն ապրեց:

Հայկի մայրը՝ Պայծառ Ներսեսյանը, այսօր էլ հուզմունքով է հիշում, թե ինչպես  հղիության 5-րդ ամսում առաջացած առողջական խնդիրների պատճառով բժիշկներն իրեն հորդորեցին դադարեցնել հղիությունը, իսկ ավելի ուշ հրաժարվել կեսարյան հատմամբ ծնված՝ 600 գրամ քաշ ունեցող երեխայից: 

«Բժիշկներն ասացին՝ պետք է  անհապաղ հեռացնել պտուղը, հակառակ դեպքում վտանգվում է թե իմ, թե երեխայի կյանքը: Կեսարյան հատում արեցին, պտուղը 600 գրամ ծնվեց: Բժիշկներն ասացին՝ դա բույս  է, ոչ թե երեխա, հաստատ չի ապրի, հրաժարվիր, գնա տուն: Չհրաժարվեցի»,- ասում է նա:

Հինգուկես տարեկան Հայկի կյանքը հինգուկես տարվա ամենօրյա պայքար է բազմաթիվ հիվանդությունների ու խնդիրների դեմ:

«Որդիս շատ խնդիրներով էր ծնվել, մի քանի ամիս ստիպված էինք հիվանդանոցում մնալ, որ կարողանա ապրել: Երբ արդեն դուրս էինք գրվում,  բժիշկներն ասացին՝ մտավոր հետամնաց պետք է լինի, հաստատ չի տեսնի, չի խոսի, չի քայլի»,- նշում է նա:

Հայկը չի արդարացնում նաեւ բժիշկների այս «կանխատեսումները»: Նա այսօր ոչ միայն լսում, տեսնում ու խոսում է, այլեւ հեքիաթներ է պատմում մոր համար, ապագայի պլաններ կազնում:

«Ուզում եմ բժիշկ կամ փրկարար դառնամ, որ փրկեմ մարդկանց խեղդվելուց, հրդեհից»,- ասում է Հայկը:

Երեխայի երազանքն իրականություն դարձնելու համար միայն մի բան է պակասում՝ քայլելու կարողությունը: Գերմանացի բժիշկները խոստացել են՝  կոնքազդրային հոդի ընդամենը մեկ վիրահատությունից հետո Հայկը կարողանա քայլել:

«Վիրահատութունը 60.000 եվրո արժե, բայց դա չափազանց մեծ գումար է մեզ համար»,- ասում է երեխայի մայրը:

Փոքրիկ Հայկին օգնելու համար նրա մոր՝ Պայծառ Ներսեսյանի անունով «ՎՏԲ-Հայաստան» բանկում բացվել են հաշվեհամարներ՝

16046032978404 ՀՀ դրամ,

16046032978405 ԱՄՆ դոլար,

16046032978406 Եվրո,

16046032978407 Ռուբլի:

ArCa քարտ՝ 6769 3071 0003 1522:

Պայծառ Ներսեսյանի հեռախոսահամարն է՝ 093 58 66 21: