Վանաձորի թիվ 24 դպրոցի հարևանությամբ անցնող գազատարի հրդեհը մարտի 29-ին տեղի է ունեցել գազատարի փականի պրոֆիլակտիկ ստուգումների իրականացման ընթացքում:

Հարևանությամբ գտնվողները զգացել են գազի ուժեղ հոտ, րոպեներ անց հրդեհ է բռնկվել: Ականատեսների խոսքով՝ մինչեւ աշխատանքները սկսելը իրենք գազի հոտ չեն զգացել:

«Ամբողջ թաղամասը գազի խշշոց, թշշոց էր, գազի կորուստ: Փոշի, ամպ, ընդեղ եքա ֆրոնտ էր»,- NEWS.am-ի թղթակցին ասաց ականատեսներից Կառլեն Հովհաննիսյանը:

Նշենք, որ դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել 6 քաղաքացի: Նրանք բոլորն էլ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Լոռու մասնաճյուղի աշխատակիցներ են:    

Տուժածներից երկուսը ներկայումս գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, 4-ը՝ վիրաբուժական բաժանմունքում են:

«Հիմնականում այրվել են տուժածների ձեռքերը, դաստակները, դեմքն ու գլուխը: Այրվածքների աստիճանն առայժմ գնահատվում է 1-ից 3 աստիճան»,- ասաց բուժող բժիշկ, վնասվածքաբան Էդուարդ Հակոբյանը՝ նշելով, որ վաղը պարզ կդառնա՝ տուժածները Երեւան կտեղափոխվեն, թե ոչ:

Հիշեցնենք, որ տուժածներն են 36-ամյա Արման Ղարդաշյանը, 66-ամյա Գագիկ Սարգսյանը, 31-ամյա Արմեն Մատինյանը, 37-ամյա Գեորգի Գրիգորյան, 57-ամյա Արծրուն Եղշատյանը, 34-ամյա Վաչե Ղազարյանը: