70-ամյա նկարչուհի Սուսաննա Պետրոսյանը 20 տարի է՝ ծաղիկներին երկրորդ կյանք է տալիս. ծաղկաթերթերից նկարներ է պատրաստում ու վաճառում:
«Սկզբում ստվարաթղթի վրա էսքիզն եմ անում, հետո չորացած ծաղկաթերթերով հավաքում նկարը ու լաքապատում: Ոչ մի ներկանյութ չեմ օգտագործում, բոլորը բնական ծաղկաթերթերի գույներն են»,- ասում է Սուսաննա Պետրոսյանը:
«Մութ ու ցուրտ տարիներին» յուղաներկի ու նկարչական պարագաների կտրուկ թանկացումը ստիպում են տիկին Սուսաննային հրաժարվել գեղանկարներ անելուց, բայց նկարելու ձիրքը չի կորցնում:
«Գներն այնքան բարձրացան, որ արդեն չէի կարողանում ներկ գնել, նկարել: Այդ ժամանակ էր, որ փորձեցի էսքիզս ոչ թե յուղաներկով, այլ ծաղկաթերթերով ստանալ: Առաջին գործս այնքան էլ հաջող չստացվեց, բայց հետո աստիճանաբար սովորեցի գործի նրբությունները»,- նշում է նա:
Նկարչուհու համար ծաղկաթերթերից նկարների պատրաստումը ոչ միայն գումար վաստակելու միջոց է, այլեւ հոգեհարազատ զբաղմունք, որը կտրում է առօրյա հոգսերից:
«Ինչքան էլ հոգնած կամ նյարդայնացած լինեմ, երբ սկսում եմ ծաղիկների հետ աշխատել, միանգամից լարվածությունս անցնում է, հանգստանում եմ»,- ասում է նա:
Տիկին Սուսաննան ծաղկաթերթերից հիմնականում հայկական ավանդական մոտիվներով նկարներ է ստանում՝ ազգային զգեստներով պարուհիներ, ծիսական տեսարաններ, նուռ, ծաղկեփնջեր, բայց իր արվեստի ամենաարժեքավոր գործերը համարում է «ծաղկե դիմանկարները»:
«Ամենաբարդը դիմանկարներ ստանալն է. դեմքի արտահայտությունը, ծավալները ստանալու համար համապատասխան գույնի ծաղկաթերթեր գտնելը այնքան էլ հեշտ չէ: Մի անգամ գերմանացի զույգ էր եկել, ամուսինը պատվիրեց, որ իրենց դիմանկարը պատրաստեմ, նվիրի կնոջը: Մոտ մեկ շաբաթ պահանջվեց, որ նկարը հավաքեմ»,- ասում է Սուսաննա Պետրոսյանը:
Տիկին Սուսաննայի ծաղկե նկարները տարիների ընթացքում չեն գունազրկվում եւ չեն կորցնում իրենց փայլը:
«Բնականաբար, եթե արեւի ուղիղ ճառագայթների տակ կախեն, արագ կփչանա նկարը: Բայց գնելիս ես բոլորին խորհուրդներ եմ տալիս, թե ինչպես պահեն, որ նկարները տարիներ շարունակ չխամրեն»,- ասում է նա:
Ծաղիկներից նկարներ պատրաստելու հարցում տիկին Սուսաննային օգնում են նկարիչ ամուսինն ու որդին, երբեմն էլ՝ երեքամյա թոռնուհին: Նկարչուհին համոզված է՝ հենց թոռնուհին է դառնալու իր գործի շարունակողը:
«Թոռուհիս շատ է սիրում հետեւել, թե ինչպես եմ ծաղիկների հետ աշխատում: Հիմա էլ գալիս կողքս նստում է, միասին ծաղկաթերթեր ենք կտրտում»,- ասում է նա:














