Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական վարչության ղեկավարի առաջին տեղակալ, քննչական խմբի ղեկավար Միքայել Համբարձումյանը մարտի 30-ին մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է որոշ տվյալներ Երեւանում վնասազերծված զինված խմբի աղմկահարույց գործով քննության ընթացքի մասին:
ԱԱԾ ներկայացուցիչը նշել է, որ խմբի հիմնական նպատակն է եղել Հայաստանում զինված հեղաշրջում իրականացնելը: Խմբի նշանակետում են եղել պետական իշխանության մարմինները, ադ թվում նախագահի նստավայրը, խորհրդարանը, ՍԴ-ն, նաեւ Հանրային հեռուստատեսությունը, որը նշված էր որպես «Էյֆել»: Հեղաշրջումը ծրագրում էին իրականացնել նոյեմբերի կեսերին: Իրավապահների տեսադաշտում խումբը հայտնվել էր սեպտեմբեր- հոկտեմբեր ամիսներին:
Մամուլին ներկայացվեցին խմբից առգրավված զինամթերքի, հագուստի՝ այդ թվում ոստիկանական համազգեստի լուսանկարները: ԱԱԾ ներկայացուցչի խոսքով, պարզվել են նաեւ ֆինանսավորման ու սպառազինման աղբյուրները: Խմբի անդամները օգտագործել են հատուկ հեռախոսահամարներ, որոնցով կապվում էին իրար հետ: Հեռախոսահամարները պարզվել էին ու նրանց հեռախոսները սկսել էին գաղտնալսել:
Խմբի անդամների մոտ հայտնաբերվել է Երեւանի քարտեզը, որտեղ նշված էին ծրագրվող գործողությունների վայրերը, նաեւ այն կամուրջները ու խաչմերուկները, որտեղ պետք է խցանումներ առաջացնեին, որպեսզի թույլ չտային ժամանակին օգնության հասնել: Հայտնաբերվել է մի էջ, որտեղ նշված են խմբի անդամների անունները, նրանց տրամադրված զենքը ու մականունները: Խմբի անդամները նաեւ ուսումնասիրել են պետական մարմիններում նաեւ գործող նախագահի նստավայրում տեսախցիկների տեղակայման դիրքերը ու անվտանգության աշխատակիցները աշխատանքը: Հայտնաբերվել են նաեւ ՀՀ առաջին ու երկրորդ նախագահների տների լուսանկարները: Պարզելու համար, թե ինչպես է աշխատում նախագահի անվտանգության ծառայությունը, խմբի ղեկավարն անձամբ է նկարահանել Սերժ Սարգսյանի այցելությունը Գյումրիում եկեղեցու բացմանը:
Ինչ վերաբերում է խմբի ղեկավարի անձին՝ Միքայել Համբարձումյանը հիշեցրեց, որ նա շատ ժամանակ է անցկացրել Մերձավոր արեւելքում, եղել է նաեւ Սիրիայում: Ընդ որում ուշագրավ հանգամանք է այն,որ Արթուր Վարդանյանը Քեսաբից մեկնել էր դեռ մինչեւ քաղաքի ազատագրումը:
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ խմբի անդամները 147 անձանց, այդ թվում՝ պատգամավորների, գործարարների եւ «Հիմնադիր խորհրդարան» կազմակերպության անդամների մասին տվյալներ են հավաքել, որոնք վերաբերել են նրանց կենսագրությանը, ընտանիքներին, բնակության վայրերին։
Գործում կա ձայնագրություն, որը պլանավորում էին հանրային հեռուստաընկերությունը գրավելուց հետո ցուցադրել եթերում։ Ուղերձի բովանդակությունը ԱԱԾ ներկայացուցիչը չհայտնեց՝ նշելով միայն, որ Արթուր Վարդանյանը ձայնագրության սկզբում հայտարարում է, որ իրենք զենքի միջոցով, ազատամարտիկների խմբի աջակցությամբ հասել են իրենց նպատակին։ Առկա է նաեւ նոյեմբերի 13-ին անգլերենով գրված նամակ։ Այդ ուղերձը պլանավորվում էր ուղարկել դեսպանատներին եւ դեսպաններին հրավիրել հաջորդ օրը «Արմենիա» հյուրանոցում կայանալիք ժողովին։ Դեսպանատների աշխատակիցներին պետք է ներկայացնեին, թե ինչ է տեղի ունեցել երկրում եւ ինչ նպատակներ ու ծրագրեր ունեն իրենք։ Հետաքննության գաղտնիությունից ելնելով՝ նամակի բովանդակությունը չի հրապարկվելու։
Հարցին, թե պլանավորվում էր արդյոք հարձակում կազմակերպել նախագահի դեմ, Միքայել Համբարձումայնը պատասխանեց, որ դա այդպես չէ։ Նրա խոսքով՝ խմբի որոշ անդամներ առաջարկել են այդ տարբերակը, սակայն խմբի ղեկավարն, ըստ էության, մերժել է։ Մասնավորապես գաղափարը հետեւյալն էր. «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում հարձակվել նախագահի օդանավի վրա Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման մեկնելու ժամանակ։ «Մենք ուսումնասիրել ենք տեղանքը։ Ֆիզիկապես դա հնարավոր էր անել, սակայն Արթուր Վարդանյանը որոշում չի կայացրել, ամեն բան քննարկման փուլում է մնացել»,- նշել է ԱԱԾ ներկայացուցիչը։
Ինչ վերաբերում է ֆինանսավորման աղբյուրներին, ապա ԱԱԾ ներկայացուցչի խոսքով՝ պարզվել է նրա ինքնությունը եւ մեղադրանք ներկայացվել։ Պարզվում է, որ նման աղմկահարույց հանցագործության կազմակերպման համար հատկացվել է մոտ 65 հազար դոլար։ Միքայել Համբարձումյանը անուններ տալ չցանկացավ՝ նշելով, միայն, որ այդ մարդն ապրում եւ գործունեություն է ծավալում Հայաստանում։ Զենքի մեծ մասը մնացել էր Արցախյան պատերազմից։
Գործով անցնում է 33 մարդ, 28-ը կալանավորված են, 5-ը՝ ազատ են արձակվել։ ԱԱԾ ներկայացուցչի խոսքով՝ եթե քննությունը շարունակվի նման տեմպերով, ապա այն կարող է ավարտվել 2-3 ամսից։











