Հայաստանում վերջին տարիներին բավականին ակտիվացել է գանձագողությունը. այս տարվա ընթացքում արդեն գրանցվել է գանձագողության երկու դեպք:  Ոստիկանությունը քաղաքացիներին կոչ է անում գիտակցաբար մոտենալ ազգային արժեք ներկայացնող իրերին եւ չտրվել գայթակղությանը, քանի որ ամեն մի արտեֆակտի հետ հայ ազգը կորցնում է Հայաստանի պատմության մի մասնիկը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արմավիրի մարզում փետրվարի 24-ին Արգիշտիխինիլի հուշարձանի տարածքում Արմավիրի մարզի ոստիկանության աշխատակիցները հայտանբերել եւ բերման են ենթարկել հուշարձանի տարածքում գանձագողությամբ զբաղվող երկու անձի: Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղի բնակիչներ Էդուարդ Վարդանյանը եւ Միսակ Սիմոնյանը փետրվարի 24-ին բերման են ենթարկվել Ոստիկանություն:

Նրանք քանդել են ուրարտական շրջանի հուշարձանի արեւմտյան ամրոցի վերեւի շերտը եւ գողացել ուրարտական ժամանակաշրջանի նյութերի խումբ:

Իսկ մարտի 18-ին,  Կապանի երկու բնակիչ Սյունիքի մարզի Եղվարդ գյուղի տարածքում հնագիտական  իրեր են հայտնաբերել:

Նրանք հայտնաբերել են մասնավորապես, բրոնզեդարյան շրջանի մ.թ.ա. 2-3-րդ հազարամյակի, լուրիստանյան մշակույթի զարդեր պատմամշակութային առանձնակի արժեք ներկայացնող բրոնզյա զանգակներ, թասեր, ունելի, բռնակներ, ծիսական զարդանախշեր, սեպ, գուրզեր, դաշույն, դաշույնի պատյաններ, եռոտանի կախազարդեր, բազկակալներ, ապարանջաններ, զրահաբաճկոնի դետալներ, կենդանիների երախակալներ եւ այլն,  ընդհանուր թվով 191 նմուշ:

Երբ այս մասին հայտնի է դարձել տեղի ոստիկանությանը, քաղաքացիներին հրավիրել են բաժին: Նրանք ոստիկանությանն են հանձնել  իրերը` վստահեցնելով, որ իրենք են Եղվարդ գյուղի տարածքից  քանդել ու հայտնաբերել իրերը:

Նշանակվել է մշակութաբանական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր: