Մեր հարեւանները փակել են մեր տարածքային սահմանները, բայց չեն կարողացել սահմանափակել մեր մտքի ընթացքը: Սերժ Սարգսյանն այս խոսքերով է դիմել հայ ուսանողներին, ովքեր Միացյալ Նահանգներում սովորում են «Լույս» հիմնադրամի միջոցներով: Ուսանողների հետ նախագահը հանդիպել է Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտում, մինչեւ այդ հանդիպել էր ինստիտուտի ռեկտոր Ռաֆայել Ռայֆի հետ, շրջայց կատարել հաստատությունում: Նախագահը հայ ուսանողներին հիշեցրել է՝ տեղեկատվական տեխնոլոգիաների քարտեզի վրա Հայաստանն այսօր հայտնվել է իր մարդկային ներուժի շնորհիվ: Սերժ Սարգսյանն ԱՄՆ-ում կմասնակցի վաղը մեկնարկող միջուկային անվտանգության գագաթնաժողովին:

Այս օրերին Վաշինգտոնում է նաեւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ միջուկային անվտանգության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: Էրդողանին  հյուրանոցի մոտ դիմավորել են բողոքի ակցիայով՝  վանկարկելով «Էրդողան ֆաշիստ»:

ԱՄՆ այցից առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի համար նույնպես ամերիկացիները սառը ցնցուղ են պատրաստել: Հավային դարձել է ամերիկյան 7-րդ նահանգը, որը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը

Երեւանում մեկնարկել է տարվա ամենաաղմկահարույց դատավարություններից մեկը: Քրեական հեղինակություն «Երրորդմասցի Լյովիկի» եւ նրա երկու ընկերների սպանության մեջ մեղադրվում են Վահան Հակոբյանը՝ նույն ինքը Գաստիկը, Սարգիս Հախանումյանը կամ Տլեն եւ Ծգլ մականունով Սարգիս Գրիգորյանը: Սպանությունը կատարվել է մեկ տարի առաջ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դիմաց:

Անցած տարվա նոյեմբերին Երեւանում վնասազերծված զինված հանցախումբը տվյալներ է հավաքել 147  անձանց մասին, այդ թվում՝ պատգամավորներ, գործարարներ եւ «Նախախորհրդարանի» անդամներ: Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունն այսօր որոշ տվյալներ է հայտնել քննության ընթացքի մասին: Զինված հեղաշրջման համար հանցախումբը, ըստ ԱԱԾ-ի, իր հովանավորների 65 հազար դոլար է ստացել: Թիրախում եղել են նախագահի նստավայրը, խորհրդարանը, սահմանադրական դատարանը եւ հանրային հեռուստաընկերությունը որը նրանց քարտեզում նշված էր որպես «Էյֆել»: Այնուամենայնիվ, ըստ ԱԱԾ-ի, նախագահի դեմ մահափորձ չէր ծրագրվում: Այս աղմկահարույց գործով 33 մարդու է մեղադրանք առաջադրվել:

Իշխանությունները հստակեցրել են Ընտրական օրենսգրքի նախագծի այն կետերը, որոնց շուրջ ընդդիմության որեւէ առաջարկ քննարկելու մտադրություն չունեն: Տարածքային ընտրական ցուցակներից չեն հրաժարվի, մատների դրոշմանշում չեն անի, քվեարկածների ցուցակներն էլ չեն հրապարակի՝  լրագրողներին ասել է Դավիթ Հարությունյանը: Փոխարենը պատրաստ են ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրել, եթե հովանավոր գտնեն: Չնայած Դավիթ Հարությունյանը դա անիմաստ զբաղմունք եւ գումարի վատնում է համարում:

Ազգային ժողովում տեղի է ունեցել ընտրական օրենսգքրի նախագծի շուրջ 4+4+4 ձեւչափով առաջին հանդիպումը: Մոտ մեկուկես ժամ  քննարկվել է լրատվամիջոցների ներկայության հարցը: Ընդդիմությունը պահանջում էր տեսախցիկների ներկայություն, Դավիթ Հարությունյանը դեմ էր՝ եթե նկարահանվի, շոուի կվերածվի, աշխատանքը կտուժի: Ի վերջո լրագրողներին դուրս հրավիրեցին, հանդիպումը փակ ընթացավ:

Ի դեպ, 4 ներկայացուցչի ձեւաչափը պահել էր միայն հասարակական սեկտորը, իշխանությունը ներկայացել էր 6 անձով, ընդդիմությունն էլ 3, վերջին պահին պարզ դարձավ, որ «Ժառանգությունը» չի մասնակցելու քննարկումներին, թե ինչու՝ առայժմ չեն մեկնաբանում:

4+4+4-ին չի մասնակցում նաեւ Նիկոլ Փաշինյանը: Նա վերահաստատել է իր դիրքորոշումը, իսկ երեկոյան մեկնել է Հրազդան, որտեղ այսօր մեկնարկել է  քաղաքապետի ընտրության քարոզարշավը:

Հրազդանում թեժ ընտրություններ են սպասվում: Փաշինյանի կուսակից Սասուն Միքայելյանի երկու մրցակիցներին սատարում են ՀՀԿ-ն եւ «Հայկական վերածնունդը»:

Ի դեպ, Փաշինյանն քարոզչությունը սկսել է «Ֆեյսբուքից»: Պատգամավորը հրապարակել է այն ռետինե սապոգների լուսանկարը, որոնցով պատրաստվում է շրջել անձրեւոտ Հրազդանում:

Ծառայակիցներին սպանելու համար ցմահ ազատազրկված Արթուր Մկրտչյանի բողոքը մերժվել է: Դատարանն անփոփոխ է թողել քրեակատարողական հիմնարկի որոշումը: Արդեն 19 տարի բանտում անցկացրած Արթուր Մկրտչյանը առաջիկա հինգ տարիներին իրավունք չի ունենա դիմել վաղաժամկետ արձակման համար, քանի որ կալանավայրում բջջային հեռախոս է պահել, ինչը չի թույլատրվում:

Աշխարհիկ սննդակարգին վերադառնալը տղաների վրա թանկ է նստել: Պահքից դուրս գալը Գումրիի ռեստորաններից մեկում նշող համակուրսեցիները հարբել են, մոռացել բոլոր պատվիրանները, վիճել եւ դանակահարել միմյանց: Նրանցից երկուսը հիվանդանոցում են, հարուցվել է քրեական գործ:

Շիրակի մարզում Վահրամաբերդ գյուղում 25 հավ է սատկել: Մասնագետները կասկածում են, որ թռչուններին կոտորել է կեղծ ժանտախտը: Եթե փորձաքննությունն այս վարկածը հաստատի, հավերին կսկսեն պատվաստել:

Չինաստանի դպրոցներից  մեկում մերկ ուսուցիչը աշակերտուհուն փորձել է բռնաբարել օրը ցերեկով, դպրոցի բակում, այլ աշակերտների աչքի առջեւ: Ականատեսները լուսանկարել են միջադեպը եւ հրապարակել համացանցում: Ասում են՝ 30-ամյա ուսուցիչը հոգեկան շեղում ունի, բայց այդ դեպքում ինչպես է նա հայտնվել դպրոցում, պարզ չէ:

Այսօր դոլարը էժանացել է, իսկ մյուս երեք հիմնական արժույթները ՝ թանկացել: Այսպիսով դոլարի փոխարժեքը կազմել է 481, ռուբլունը՝ 7.13, եվրոյինը՝ 544, ֆունտինը՝ 692 դրամ:

Հայաստանի որոշ շրջաններում առաջիկա երկու գիշերներին հնարավոր է մինչև 2 աստիճան ցուրտ: Երևանում սակայն օդի ջերմաստիճանը 0-ից չի իջնի: Այս գիշեր կլինի  0-ից 2, իսկ վաղը ցերեկը՝  12-14 աստիճան տաքություն։ Տեղումներ չեն սպասվում: