Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի դիմաց գտնվող դիտահորում մարտի 31-ին մեթան գազից թունավորվածներն աշխատանքներն իրականացրել են առանց դիմակների: Այս մասին NEWS.am-ին ասաց տարածքի ավտոկայանատեղիի աշխատակից Գարուշ Սուվարյանը:
«Եկան, ասին, թե բա մտնում ենք էս լյուկը, գազի վիճակը լավ չի: Ասացի` տղերք ջան, չեք հասկանում, չի կարելի էսպես բաց մտնել, հակագազ հագեք կամ դիմակ դրեք: Ասացին՝ մենք գիտենք, ես էլ բարձրացա վերեւ, զգացի՝ գազի հոտ է գալիս: Եկա, տեսնեմ՝ գազի արտահոսք է եղել, հարայհրոցով, վազելով եկան, լցվեցին, երկուսին քաշեցին հանեցին, մեկին շատ ուշ հանեցին»,- ասաց Գարուշ Սուվարյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 4 քաղաքացի մեթան գազի թունավորմամբ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը հայտնել էր, որ տեղափոխված քաղաքացիներից 25-ամյա Հայկ Սարգսյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Մյուս երեքի վիճակը միջին ծանրության է:











