Տավուշի մարզն առանձնահատուկ է աշխարհագրական դիրքով, սակայն մարզի ոստիկանությունն առանձնահատուկ չէ: Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, Իջեւանում անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ ասել է ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:

Ոստիկանապետն անդրադարձել է խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հատկապես հրավիրել է դեռևս չբացահայտված հանցագործությունների բացահայտման միջոցառումների ակտիվացմանը, անչափահասների հետ տարվող աշխատանքներին, ընդգծել ոստիկանների մասնագիտական գիտելիքների կատարելագործման խնդիրը և պահանջել անհանդուրժող լինել նրանց հանդեպ, ովքեր ոտնձգում են օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքի դեմ:

Անդրադառնալով տարածաշրջանի առանձնահատկություններին՝ ոստիկանության պետն ընդգծել է. «Տարածքն առանձնահատուկ է, որովհետեւ ունի սահման հարեւան պետության հետ, որովհետեւ ժողովուրդն է առանձնահատուկ: Սակայն այս առանձնահատկության մեջ չեմ տեսնում ոստիկանության առանձնահատկությունը: Համայնքային ոստիկանությունը մենք ստեղծեցինք, որ գյուղացու, քաղաքացու հետ շաղախվեն ոստիկանները եւ բերեն որակական փոփոխության, ակտիվի, գյուղապետի հետ աշխատեն: Գյուղացին կարիք ունի, որ մի գրագետ մարդ, իսկ այդ մարդը կարծում եմ՝ ոստիկանն է, իրավական օգնություն ցույց տա, օգնի եւ աջակցի, դարդին դարման լինի: Հատկապես այս կողմի ժողովրդին, որը սահմանին է ապրում, առանձնահատուկ վերաբերմունք է պետք»:

Վլադիմիր Գասպարյանը Ճանապարհային և համայնքային ոստիկանության պատասխանատուներին կարգադրել է հոգածու վերաբերմունք դրսևորել դժվար աշխատանքով բարիք ստեղծող գյուղացու հանդեպ, օժանդակել օգնության կարիք ունեցողներին, որևէ խոչընդոտ չստեղծել գյուղի աշխատավորի համար, առանձնապես հետամուտ լինել անասնագողության և ապօրինի անտառահատման դեպքերի բացահայտմանը, որպեսզի կորուստներ չունենան և բնակչությունը, և պետությունը:

«Գյուղացուն չպետք է վերեւից նայեք: Իմ մոտեցումները եղել են եւ կան սրտացավ եւ հոգատար: Ինձնից ավելի սրտացավ եւ հոգատար պետք է լինեք դուք, որովհետեւ առաջին հերթին դուք հողի մարդիկ եք»,- ասել է ոստիկանապետը:

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են ծառայողական և կազմակերպչական այլ հարցեր ևս:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: