Շիրակի մարզի Գյումրի քաղաքը մարտի 31-ին պաշտոնպես հռչակվել է 2016թ. ՀՀ երիտասարդական մայրաքաղաք:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում դեռեւս նախորդ տարի հայտարարվել էր 2016 թ. Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք ընտրելու մրցույթ, որին մասնակցելու հայտ էին ներկայացրել Կոտայքի մարզի Ծաղկաձոր եւ Շիրակի մարզի Գյումրի քաղաքները:
Փորձագիտական գնահատականների և կարճ հաղորդագրությունների տեսքով քվեարկության արդյունքների համադրմամբ՝ 2016 թ. ՀՀ երիտասարդական մայրաքաղաք հռչակվեց Գյումրին:
Պաշտոնական բացման արարողությանը ներկա էին ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, մարզային և քաղաքային իշխանություններն ու գյումրեցի երիտասարդներ: Միջոցառման հանդիսավոր բացումն արեցին երիտասարդ գյումրեցի երաժիշտ-կատարողները:
Գաբրիել Ղազարյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ նախաձեռնության նպատակը մարզերի երիտասարդությանն աշխույժացնելն է:
«Գյումրեցի երիտասարդները միջոցառումների կազմակերպման և երիտասարդների հետաքրքիր ժամանց ապահովվելու գործում մեծ ներուժ ունեն: Մենք ուրախ ենք, որ այս տարի Գյումրին հռչակվեց երիտասարդական մայրաքաղաք: Այստեղ շատ գրագետ, բանիմաց և բարձր գիտելիքներով օժտված երիտասարդություն կա»-ասել է նախարարը:
Գաբրիել Ղազարյանը դժվարացավ ասել, թե որքան գումար է նախատեսվել նախաձեռնության կայացման համար:
«Վերջնական բյուջեն պարզ կլինի տարեվերջին, երբ ծրագիրն ավարտվի»,-նշեց նախարարը:
Նրա խոսքով՝ 2016 թ. Գյումրի քաղաքում թե՛ տեղական, թե՛ միջազգային մակարդակներով պետք է իրականացվի նախարարության մշակած ծրագրերի զգալի մասը, ինչպես նաև նախարարությունը դրամական աջակցություն կտրամադրի Գյումրի քաղաքում գրանցված երիտասարդական հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված ծրագրերն իրականացնելու նպատակով:












