«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ փորձագետ, իրավաբան Կարեն Վարդանյանին սպանել են Սեւանի ճանապարհին: Այս մասին ոստիկանության հրապարակած տեսանյութում խոստովանում է սպանության կասկածանքով ձերբակալված 43-ամյա Արթուր Միհրանյանը:
«Ընկերոջս հետ Սեւանի ճանապարհին սպանել ենք, տարել, գարաժում թաղել ենք»,-ասել է նա:
Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալված Կարեն Վարդանյանի 23-ամյա հարեւան Գեւորգ Զոհրաբյանը եւ Արթուր Միհրանյանը խոստովանել են նաեւ, որ դիակը տեղափոխել են Զոհրաբյանին պատկանող Սիսակյան փողոցում գտնվող ավտոտնակ եւ թաղել: Կասկածյալները ոստիկաններին եւ քննիչներին ցույց են տվել, թե որտեղ է թաղված փորձագետի դին: Նրանք ընկերներ են: Արթուր Միհրանյանը, ըստ նույն ՀԿ նախագահ Դանիել Իոանիսյանի, Գեւորգ Զոհրաբյանի կողմից «Կարեն Վարդանյանից գողացված գումարով գնված երկու տաքսիներից մեկն է վարել»:
Ըստ ոստիկանության Կարեն Վարդանյանին սպանել են Երեւանի Լենինգրադյան փողոցում նրան պատկանող բնակարանի վաճառքի գումարին տիրանալու նպատակով:
Նշենք, որ Կարեն Վարդանյանը մարտի 17-ին Արաբական Միացյալ Էմիրություններ մեկշաբաթյա գործուղում մեկնելու նպատակով դուրս էր եկել տնից եւ չէր վերադարձել: Ապրիլի 1-ին պարզվել է, որ մարտի 17-ին բութ գործիքներով Կարեն Վարդանյանին բազմաթիվ հարվածներ են հասցրել եւ սպանել Արթուր Միհրանյանը եւ Գեւորգ Զոհրաբյանը, որից հետո Կարեն Վարդանյանի դին թաքցրել են Գեւորգ Զոհրաբյանին պատկանող, Երեւանի Սիսակյան փողոցի 22 շենքի հարակից ավտոտնակում: Արթուր Միհրանյանը եւ Գեւորգ Զոհրաբյանը ձերբակալված են: Քննությունը շարունակվում է:











