Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում պետք է բարձրացնել Ադրբեջանի անդամակցությունը դադարեցնելու մասին հարցը: Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, Ազգային ժողովում ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Պետք է ապացույցներ հավաքենք Ադրբեջանի վայրագությունների մասին: Մենք այդպիսի ապացույցներ ունենք այդ մասին: Առաջիկայում ԵԽԽՎ-ում նիստ է լինելու եւ առաջարկում եմ բանաձեւի եւ հայտարարության նախագծեր պատրաստել Ադրբեջանի վայրագ գործողությունների վերաբերյալ՝ ընդհուպ մինչեւ Ադրբեջանի անդամակցության դադարեցում ԵԽԽՎ-ում եւ տարբեր միջազգային ատյաններում»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանը ԵԽԽՎ-ին անդամակցելիս ուներ հստակ պարտավորություն՝ զերծ մնալ ագրեսիայի եւ ուժի կիրառումից, որը սակայն խախտել է. «Մենք ապացույցն ունենք. ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանն է այդ մասին հայտարարել Մոսկվայում»:
Փոստանջյանն առաջարկեց խորհրդարանում իրավաբանների խումբ ստեղծել եւ քննարկել այդ հարցը:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ից գիշերը իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ լարվել է։ Պարբերաբար կրակոցներից եւ մասնակի դիվերսիոն հետախուզական փորձերից Ադրբեջանն անցում է կատարել մասշտաբային հարձակման շփման գծի ողջ երկայնքով՝ օգտագործելով հրետանի, ծանր տեխնիկա եւ ավիացիա։ Սրանք ամենախոշոր գործողություններն են 1994 թվականին հաստատված հրադադարի ռեժիմից հետո, որոնք ձեռնարկել է Ադրբեջանի զինուժը: Երկու կողմերից էլ կան զոհեր։











