Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում այսօր` ապրիլի 5-ին, տեղի ունեցավ ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս զոհված շարքային Քյարամ Սլոյանի հոգեհանգիստը: 

Հոգեհանգստին ներկա էին ԶՈՒ բարձրաստիճան սպաներ, պաշտոնյաներ:

«Քյարամը հերոս է,  մենք միայն հպարտությամբ ենք լցվում իր մասին խոսելիս, նա հերոսի նման զոհվեց եւ միշտ էլ հերոսի նման  է մեր հուշերում մնալու: Թող մեր հայրենիքում նրա նման տղաները շատ լինեն, որ մեր կանայք կարողանան գիշերներն հանգիստ քնել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քյարամի հարազատներից տիկին Շաքեն:

Մեզ հետ զրույցում ՀՀ քրդական խորհրդի նախագահ Կնյազ Հասանովն էլ պատմեց, որ 20-ամյա Քյարամ Սլոյանը զոհվել է իր հրամանատարին օգնելիս. «Քյարամն իր կյանքը զոհաբերել է հանուն իր հայրենիքի: Նա մարտի ժամանակ, երբ տեսել է, որ իր հրամանատարն ընկել է, վազել է նրան փրկելու, այդ ժամանակ էլ նրան սպանել են»:

Քյարամ Սլոյանը ծառայության էր մեկնել 2014թ. հունվարին: