Երեւանի Սուրբ Աստվածածին եկեղեցում այսօր` ապրիլի 6-ին, տեղի ունեցավ ադրբեջանական ագրեսիան ետ մղելիս զոհված 31-ամյա մայոր Հայկ Թորոյանի հոգեհանգստի արարողությունը:

ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում Հայկ Թորոյանի հետ ուսանած Հայկ Հակոբյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ ընկերը զենք տեղափոխելու ճանապարհին հակառակորդների կողմից շրջափակման մեջ է ընկել, սակայն անձնվիրաբար պայքարել է մինչեւ վերջ։

«Ինքը այնտեղ հերոսաբար է զոհվել: Իր մեջ կամային ունակությունները, գիտելիքներն ու հայրենիքի նկատմամբ նվիրվածությունն այնքան մեծ էին, որ մի վայրկյան անգամ չեմ կասկածում։ Հայկը գերադասել է մահանալ, քան ընկնել թշնամու ձեռքը»,-ասաց Հայկ Թորոյանի զինակիցը։

Հայկ Հակոբյանը, որ ժամանակին Թորոյանի ջոկի հրամանատարն է եղել, նշեց, որ նա պատասխանատվության մեծ զգացում ունեցող անձնավորություն էր, կարգապահ եւ ճշտապահ զինակից էր ու ընկեր։

«Կուզենայի, որ մեր սերունդը այս ոգով դաստիարակվի, եւ իմանա իր հերոսներին, իսկ Հայկը հերոս էր»,-ասաց նա։

Նշենք, որ Հայկ Թորոյանը 2002թ.–ից ծառայում էր Զինված ուժերում: