Ապրիլի 2-ին  Ադրբեջանի զորամիավորումների կողմից Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում դաժանաբար խոշտանգված ու սպանված տարեց ամուսինների դուստրը՝ 40-ամյա Գայանե Նազունցը, հրաշքով է ողջ մնացել:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության հետեւանքով Թալիշում արկակոծման է ենթարկվել նաեւ իրենց տունը, Նազունցների ընտանիքը ստիպված է եղել հեռանալ գյուղից եւ հաստատվել Աբովյան քաղաքում:

Նախորդ օրերին կատարվածի մասին Գայանեն դժվարությամբ է պատմում:

«Ապրիլի 1-ի գիշերն էր, արկերի ու պայթյունների ձայնից վեր կացանք, ապակիները թափվեցին, ամբողջ հողը լցվեց վրաներս: Գիշերանոցով, բանով իջանք պադվալ, կառավաթների, սեղանների տակ թաքնվեցինք: Ախպերս էր Թալիշում ապրում,  զանգեց՝  ասեց թշնամին կրակում է, ես իմ վեց երեխուն վերցրել, տանում եմ ապահով տեղ, դուք էլ պադվալում մնացեք, մինչեւ դուք էլ դուրս կգաք»,- պատմում է Գայանեն:

Առավոտյան մինչեւ ժամը 7-ը ստիպված են եղել սպասել թաքստոցում, ապա նստել են ամուսնու մեքենան՝ փորձելով րոպե առաջ լքել տարածքը:

«Նստեցինք մեքենան, ադրբեջանցիք սկսեցին կրակել մեքենայի վրա: Ամուսնուս ասի՝ չենք փրկվի, ասեց՝ դե որս կփրկվենք, կփրկվենք: Արագ քշեց գյուղից դուրս, հետո հեռվից տեսանք, որ մեր ամբողջ գյուղը ծխի մեջ է»,- ասում է նա:

Գայանեի խոսքով՝ եղբայրը մտադիր է եղել կնոջն ու անչափահաս վեց երեխաներին  գյուղից դուրս հանելուց հետո վերադառնալ Թալիշ՝ տարեց ծնողների ու տատի հետեւից: Մի քանի օր տեւած արկակործման հետեւանքով, սակայն, չի կարողացել գյուղ վերադառնալ:

«Երկու օր անց ինտերնետում նկարները տեսանք, իմացանք, որ ադրբեջանցիները մտել են գյուղ ու սպանել ծնողներիս ու տատիս: Երեկ թաղումն էր, թաղմանն էլ չկարողացանք ներկա լինել»,- ասում է  նա:

Գայանեի ականջներում դեռ հնչում են կրակոցների ու արկակոծման ձայները, մինչեւ հիմա միայն մի բանի չի կարողանում հավատալ՝ ոնց կարողացան ողջ մնալ:

«Մտածում էի՝ սա վերջն է, հաստատ չենք ապրի, զարմանում եմ՝ ոնց դուրս եկանք այդտեղից»,- նշում է նա:

Գայանեի սկեսուրը՝ 85-ամյա Նորա Նազունցը, առաջին անգամը չէ, որ ապրում է պատերազմի արհավիրքը. ականատես է եղել նաեւ Արցախյան ազատամարտին, բայց վերջին օրերի դեպքերի դաժանության հետ ոչինչ համեմատել չի կարողանում:

«Սա ուրիշ արհավիրք էր, սրա նման բան չէր եղել: Արցախյան պատերազմի ժամանակ կարողացանք ոտքով գյուղից դուրս գալ, հիմա մեքենայով գնալիս էլ կրակում էին»,- ասում է նա:

Վերջին օրերին Աբովյան քաղաքում հանգրվանած Նազունցների ընտանիքը հայրենի Թալիշում թողել է ավերված տունն ու ապրուստի բոլոր միջոցները, թե ինչպես  ու որտեղ են ապրելու հետո, դեռ չեն պատկերացնում:

«Էնտեղ գյուղ կա՞, որ գնանք ապրենք. ավերակ է»,- նշում է տիկին Նորան, իսկ հարսը՝ Գայանեն, պատասխանում է Մարտակերտում ծառայող որդու հեռախոսազանգին, ով ամեն զանգի հետ ասում է. «Ծառայությունս ավարտեմ, գնալու եմ էլի իմ տանն ապրեմ, Թալիշն իմ գյուղն է, այնտեղ ե՛ս եմ ապրելու»: