Արարատի մարզի Մասիս քաղաքում այսօր՝ ապրիլի 8-ին, տեղի ունեցավ  Արցախի պաշտպանության համար հակառակորդի դեմ մարտնչելիս զոհված կրտսեր սերժանտ Հենրիկ Ղահրամանյանի հոգեհանգիստը: 20-ամյա Հենրիկը հակառակորդի արկակոծումից է զոհվել, երբ մարտի ընթացքում փորձել է օգնել եւ դուրս բերել իր վիրավոր ընկերներին:

«Ինքը միշտ երազում էր, որ Ղարաբաղում ծառայի, ասում էր նենց բան եմ ուզում քաշել, որ Ղարաբաղ ընկնեմ: Մեր հերոս ախպերն ա Հենրիկը, հերոսաբար էլ հեռացավ մեզանից: Մեզ միայն մնում է, որ հպարտանանք իրանով: Մեծ ցավ է իր կորուստը, բայց ինչ արել ա, մեր հայրենիքի համար ա արել: Էսօր բոլորս էլ հպարտանում ենք իրենով, բոլորիս համար պատիվ է իր նման հարազատ ընկեր ունենալը, միշտ մնալու ա մեր հետ ու միշտ հիշելու ենք իրեն: Հենրիկին ոչ միայն մենք, այլեւ ամբողջ հայ ազգն է շնորհակալ, որ իր կյանքի գնով պաշտպանեց մեզ ու մեր հայրենիքի սահմանները»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հենրիկի հարազատներից Հրաչիկ Ավետյանը:

Հենրիկ Ղահրամանյանի  հոգեհանգստին ներկա էին ԶՈւ բարձրաստիճան սպաներ, ծառայակից ընկերներն ու պաշտոնատար անձինք:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի գիշերը Ադրբեջանի զինուժը խրոնիկ բնույթ կրող կրակոցներից եւ մասնակի դիվերսիոն հետախուզական փորձերից Ադրբեջանն անցել էր մասշտաբային հարձակման շփման գծի ողջ երկայնքով՝ օգտագործելով հրետանի, ծանր տեխնիկա եւ ավիացիա։ Սա ամենախոշոր գործողություններն են 1994 թվականին հաստատված հրադադարի ռեժիմից հետո, որոնք ձեռնարկել է Ադրբեջանի զինուժը: Ապրիլի 5-ի կեսօրից կողմերի պայմանավորվածությամբ դադարեցվել է կրակը ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում: Այդ պահից սկսած ուղղակի մարտեր չկան, բայց Ադրբեջանի կողմից կրակոցները պարբերաբար շարունակվում են: