Հայկ Օսկոմյանը 3 օրական է, ծնվել է ոչ թե հայրենի ԼՂՀ Մարտակերտի շրջանում, այլ Արագածոտնի մարզի Կարբի գյուղում:

Մայրը՝ Քնարիկ Հարությունյանը, պատմում է, թե ինչպես է իրեն հաջողվել դուրս գալ վերջին օրերին ադրբեջանական հրետակոծությանը ենթարկվող Մարտակերտից, գալ հասնել Կարբի եւ լույս աշխարհ բերել 3-րդ որդուն՝ Հայկին:

«Որ ապրիլի 1-ին ադրբեջանցիները սկսեցին կրակել, մտածեցինք՝ սովորական բան է, որովհետեւ մեր գյուղում՝ Հովտաշենում, ամեն օր էլ կրակոցներ լսում ենք: Բայց որ բոլոր տղամարդկանց տարան պոստեր, հասկացանք՝ պատերազմ է»,- ասում է նա:

Քնարիկի ամուսինը պայմանագրային զինծառայող է, թշնամու հարձակման ժամանակ դիրքերում է եղել: Հղիության 9-րդ ամսում գտնվող կինը ստիպված է եղել մի քանի ժամ սպասել, մինչեւ ամուսնու եղբայրը գյուղից դիրքեր կտեղափոխեր տղամարդկանց ու կվերադառնար Հովտաշեն՝ իրեն հիվանդանոց տանելու համար:

«Ծննդաբերելուս օրերն էին: Սպասեցի, մինչեւ ամուսնուս եղբայրը եկավ, ապրիլի 2-ի գիշերը դուրս եկանք գյուղից: Տեսանք՝ դեպի Ստեփանակերտ տանող ճանապարհը փակ է: Ուրիշ տեղ բարեկամ չունեինք, ստիպված եկանք այստեղ. ապրիլի 4-ին հասանք Կարբի, հաջորդ օրն առավոտյան Հայկս ծնվեց»,- պատմում է նա:

Ապրիլի 5-ը Քնարիկի համար նշանավորվել է ոչ միայն որդու ծնունդով. նույն օրը զինծառայող ամուսինը զանգել ու հայտնել է, որ մի քանի ժամ է՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ոչ պաշտոնական զինադադար է հաստատվել:

«Հույս ունեմ, որ սրանից հետո էլ  որդիս միայն ուրախ լուրեր կբերի, կիմանանք, որ խաղաղություն է հաստատվել, կգնանք նորից մեր տներում կապրենք, ոնց որ առաջ ենք ապրել,- ասում է նա, ապա մտահոգվում,- երեք օր է՝ ամուսնուս հետ չեմ խոսել, ինքը՝ Մարտակերտում, մենք՝ Կարբիում, չգիտենք էլ՝ ինչ վիճակ է էնտեղ»:

Ամեն րոպե դիրքերից զանգի սպասող Քնարիկը, հակառակ ամեն օր արձանագրվող զինադադարի խախտումներին, դեռ հավատում է, որ երեք որդիները մեծանալու ու շարունակելու են զինծառայող հոր գործը: «Որդիներս կմեծանան, զինվորական կդառնան ու կպաշտպանեն մեր սահմանները, ինչպես իրենց հայրը, միայն թե խաղաղություն լինի, միայն թե՝ ոչ մեկը չզոհվի....»,- ասում է նա: