Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի ագրեսիան հետ մղելիս զոհված 24–ամյա ավագ լեյտենանտ, տանկային վաշտի հրամանատար Բենիամին Եղոյանին այսօր հուղարկավորեցին Եռաբլուրում։ «Նա միացավ իր սիրելի հերոսներին»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց նրա գրականության ուսուցչուհին՝ Նարինե Առաքելյանը։ Բենիամինն ուներ երկրորդ անուն՝ Մոնթե։ Մտերիմները նրան բնութագրելիս ասում էին՝ «հորն էր քաշել»։ Հայրը՝ Ներսես Եղոյանը, Արցախյան ազատամարտի մասնակից է, սպարապետ Վազգեն Սարգսյանի  կուրսեցին, միասին էլ մեկնել են ճակատ։ Պատերազմում ձեռք է բերել առողջական խնդիրներ, որոնք հետագայում սրվել են եւ կորցրել է ոտքը։ Նա երկար տարիներ աշխատել է պաշտպանության նախարարությունում: Ներսես Եղոյանը, որը զինվորականներին հայտնի է լեգենդար «Բատյա» անունով, այսօր որդուն հրաժեշտ տվեց սայլակին գամված։

Մոնթեն սովորել է «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրում, ապա Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում։ Գրականության ուսուցչուհին նրա մասին պատմելիս՝ ընդգծեց, որ տարբերվում էր բոլորից ոչ միայն հաղթանդամ տեսքով, այլեւ իր զգայուն սրտով։ Մարտական ոգին միայն հակառակորդի ու պատերազմի համար էր, դրանից դուրս Մոնթեն տանել չէր կարողանում վեճերը, պաշտպանում էր թույլերին, միջամտում էր ու չէր թողնում բանը հասներ կռվի։

«Շատ էր սիրում պատմություն ու գրականություն առարկաները,  մեծ ոգեւորությամբ կարդում էր պատմավեպերն ու վերլուծում։ Մի տետր ուներ, որտեղ  հերոսներն էին՝ իրենց նկարներով ու հերոսական կենսագրություններով։  Այդ տետրը կորցրել էր ու այնքան տխրել, որ ես խոստացա անձամբ պատրաստել նման մի տետր եւ իրեն նվիրել»,-ասաց ուսուցչուհին։ 

Նրա պատմելով՝  ի տարբերություն իր դասընկերների, Մոնթեն դեռեւս կրթահամալիրում էր զինվորականին արժանի կեցվածքով։ «Երբ հայրը գալիս էր տեսակցության, ոտքի էր կանգնում, պատիվ առնում ու ասում՝  պարոն գնդապետ, հայկազուն Եղոյանը ներկայացել է Ձեր հրամանով, որից հետո միայն գրկախառնվում էին, մեզ համար արտասովոր էր դա։ Նա իրական հայրենասեր էր, ապրում ու շնչում էր հերոսի կյանքով»,-պատմեց ուսուցչուհին։

Մոնթեի հորաքույրը՝ Մանուշակը, որը սիրտ չուներ խոսելու, պարզապես մի օրինակ նշեց. «Մոնթեն մի  տարի էլ չկա՝ ինչ ամուսնացել է։ Իր հարսանիքին բոլորին շշմեցրեց, երբ ձեռքերը վեր բարձրացրեց ու պարեց միայն էն ժամանակ, երբ հայրենասիրական երգ հնչեց։ Մինչեւ էդ Մոնթեին պարելիս չէինք տեսել։ Երգում ու պարում էր միայն հայրենասիրական երգերի տակ։ Իրեն ճանաչողները գիտեին, որ իր ճակատագիրը սահմանն էր ու հակառակորդի դեմ պայքարը, Մոնթեի բոլոր երազանքներն ու նպատակները միայն ու միայն Արցախին, Հայաստանին ու բանակին էր վերաբերվում»։

Հոր՝ Բատյայի մարտական ընկեր Ֆելիքս Սարգսյանն էլ հպարտությամբ վրա բերեց «արծիվ հորից արծիվ որդի կծնվի»: «Բենիամինը Թալիշում թեժ մարտերի ժամանակ, որպես հրամանատար՝ իր տանկի վրա ամրացրել է եռագույնը ու նետվել մարտի ու էդ ժամանակ խոցել երկու տանկ, որից հետո ինքն է խոցվել։ Նա ոգեշնչել է իր զինվորներին, առյուծաբար մարտնչել ու զոհվել, երրորդ օրն են դին դուրս բերել, մասունքներ էր մնացել Բենիամինից...»,–պատմեց Ֆելիքս Սարգսյանը։

Հարազատները պատմեցին, որ Եղոյաններին որդու կորստի վիշտն անծանոթ չէ։  Մոնթեն կրում է ավագ եղբոր անունը՝ Բենիամինի, որը մահացել է ինը տարեկանում, երբ Մոնթեն 40 օրական է եղել։ Ընտանիքում որոշել են նրան անվանակոչել Բենիամին եւ քանի որ դա արցախյան հերոսամարտի շրջանն էր, նրան կոչել են նաեւ երկրորդ անվամբ՝ Մոնթե։ Եղոյաններն ունեն երկու դուստր եւ արդեն՝ մի որդի։