Ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը հակառակորդը դիվերսիայի փորձ է նախաձեռնել: Ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատները հարավային ուղղությամբ  փորձել են ներթափանցել Արցախի տարածք, սակայն հայ դիրքապահների կողմից հետ են շպրտվել:

Ապրիլի 2-13-ը հայկական կողմը, պաշտոնական տվյալով, ունեցել է 92 զոհ, որոնցից 11-ը՝ ոչ մարտական կորուստներ, 4-ն էլ՝ խաղաղ բնակիչ: Կապիտան Արգիշտի Գաբոյանը համարվում է անհետ կորած:

Քննչական կոմիտեն գործ է հարուցել երկու պարտադիր ժամկետային զինծառայողների սպանության դեպքի առթիվ: Նախաքննությամբ պարզվել է, որ ապրիլի 6-ին զորամասերից մեկի հրետանու կրակային դիրքում զինծառայողը նախորդ օրվա լեզվակռվի եւ հայհոյանքների դիմաց վրեժ լուծելու նպատակով հրազենով սպանել է երկու ծառայակիցներին՝ շարքայիններ Գրիգոր Ավետիսյանին եւ Սուրեն Արամյանին: Կասկածյալի անունը չի հրապարակվում:

Ադրբեջանական ռազմական հանցագործությունների թույլտվությունն այդ երկրի բարձրագույն ղեկավարությունն է տվել: Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը կարծում է՝ հենց այդ պատճառով էլ պետք չէ ակնկալել, որ Ադրբեջանի իշխանությունները կհետաքննեն զինծառայողների եւ խաղաղ բնակիչների խոշտանգման եւ դիակները ծաղրի ենթարկելու փաստերը: Նրա խոսքով՝ նման  անմարդակային արարքների ունակ են միայն հիվանդ կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ գտնվողները, որոնք շփման գծում կարող էին հայտնվել միայն բարձրագույն պաշտոնյաների թույլտվությամբ:

Ադրբեջանը 94-ի զինադադարից հետո առաջին անգամ փորձել է Շահումյանի կողմից մտնել Լեռնային Ղարաբաղի տարածք՝ Թալիշ, ինչը նշան էր, որ հարկավոր էր ոչ թե համաձայնել հրադադարի պայմանավորվածությանը, այլ ճեղքել հակառակորդի պաշտպանությունը եւ վերջապես վերադարձնել Շահումյանը: Այս մասին ասել է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը: Սեֆիլյանի խոսքով՝ հակառակորդի եւ մեր միջեւ սպառազինության անհավասարակշռությունը պայմանավորված է ոչ այնքան «Սմերչի», որքան անօդաչուների առկայությամբ: Հարցին, թե ինչու Շուշիի գումարտակը այս օրերին չի մեկնել առաջնագիծ, Սեֆիլյանը պատասխանել է՝ մենք 90-ականներում չենք ապրում, որ ամեն մարդ իր ջոկատը վերցնի, գնա՝ ասել է Սեֆիլյանը՝ նշելո, որ իրենք ռազմաճակատ կմեկնեն այն ժամանակ, երբ կամավորականների մոբիլիզացիայի հրաման կամ կոչ արվի բանակի հրամանատարության կողմից:

Թուրքիայում հայտնաբերվել է անհետ կորած համարվող, ազգությամբ հայ 39-ամյա Ռիտա Դարի Վինքլերի դին։ Գերմանիայի քաղաքացի հայուհին 34 օր առաջ իր թուրք ընկերոջ հետ հանդիպելու համար մեկնել էր Ստամբուլ, որից հետո հարազատներն ու ընկերները կորցրել են նրա հետ կապը։ Նրա թուրք ընկերը հեռացել է Թուրքիայից, ինչից հետո միայն խուզարկության ժամանակ նրա տան այգում հայտնաբերել է Ռիտայի դին: Ենթադրվում է, որ տղամարդը սպանել է կնոջն ու թաղել բետոնի մեջ։

Մոտ ժամանակներս Հայաստանում ռոումինգի սակագների զգալի նվազում է սպասվում՝ ընդհուպ 50-60 տոկոսի չափով: Տնտեսական մրցակցության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հայտնել է, որ դա հնարավոր է դարձել Եվրասիական միության երկրների հակամենաշնորհային մարմինների համատեղ կարգավորման շնորհիվ:

Ռուսաստանը շահագրգռված է Ղարաբաղի հակամարտության լուծմամբ՝ բացառապես քաղաքական մեթոդներով, քանի որ բարեկամական հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Այս մասին Վլադիմիր Պուտինն ասել է ուղիղ եթերում հարցուպատասխանի ժամանակ՝ ընդգծելով, որ վերջնական լուծումը պետք է գտնեն 2 կողմերը, փոխզիջումների միջոցով:

Երեւանում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նրան եւ ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին այսօր ընդունել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ապրիլի 15-ին Երեւանում կկայանա ՀԱՊԿ-ի Ռազմական կոմիտեի հերթական նիստը:

Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով այսօր դատարանում վկայություն է տվել առանցքային վկա Աննա Միսակյանը: Նա պատմել, որ դեպքի օրը ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանն իրեն ասել է, որ մտադիր է ազատվել իր սիրուհիներից մեկից, միասին գնացել են էքստրասենսի տուն, Աննան սպասել է փողոցում, Մուշեղը վերեւ է բարձրացել, քիչ անց զանգել է, կանչել վերեւ: Բնակարանում Աննան տեսել է Անի Մաջնունյանին գետնին ընկած` արյան մեջ, ու դուրս փախել: Մուշեղը փողոցում հասել է նրան ու սպառնացել, որ եթե այդ մասին խոսի, կսպանի նրան: Նշենք, որ Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող՝ «Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մուշեղ Մխիթարյանն իրեն մեղավոր չի ճանաչում:

Լեւոն Հայրապետյանին 4 տարվա ազատազրկման է դատապարտել: Մոսկվայի դատարանը ապացուցված է համարել, որ Հայրապետյանը Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստեւի մորից 700 հազար դոլար է վերցրել նրա որդու պատիժը մեղմելուն նպաստելու համար, սակայն իրականում չի կարողացել ազդել դատավճռի վրա: Նշենք, որ հայազգի գործարարն իր մեղավորությունը չի ընդունել:

Նորվեգիայում ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Նազիկ Ավդալյանը նվաճել է չեմպիոնի տիտղոսը: 69 կգ քաշայինների պայքարում Ավդալյանը երկամարտում հավաքել է 237 կգ եւ արծաթե մեդալակրին գերազանցել 1 կգ-ով: 29-ամյա մարզուհին հաղթանակը նվիրել է արցախյան առաջնագծում զոհված հայ զինվորականներին եւ հայրենիքի պաշտպաններին:

Դոլարը, եվրոն, ռուբլին եւ ֆունտը էժանացել են: Դոլարի փոխարժեքը կազմել է 483, եվրոյինը՝ 543, ռուբլունը՝ 7.29, իսկ ֆունտինը՝ 683 դրամ: 

Երեւանում ապրիլի 15-ի գիշերը եւ օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է մինչև 11, իսկ վաղը ցերեկը՝ մինչև 22 աստիճան տաքություն։