Թուրքիայի Ադանա նահանգում հայից խլված հողատարածքի վրա գտնվող Ինջիրլիքի ամերիկյան ռազմաբազայում ազգայնական «Թուրքիայի երիտասարդական միություն» (TGB) անդամները փորձել են պարկ հագցնել մի ամերիկացի զինվորականի գլխին։

Ինչպես տեղեկացնում է Al Jazeera-ի թուրքական ծառայությունը, TGB-ի երեք անդամ մտել են Ինջիրլիքի ամերիկյան ռազմաբազայի տարածք, մոտեցել մի ամերիկացի զինվորականի եւ փորձել իրենց հետ բերած պարկը հագցնել նրա գլխին։

Մինչ պարկը ամերիկացի զինվորականի գլխին հագցնելը թուրք ազգայնականը «տեքստ» է կարդացել նրա համար։ Նա հիշեցրել է, որ 2003-ին Իրաքում ամերիկացիները թուրք զինվորականների գլխին պարկ էին հագցրել։ «Դուք եք մեր երկրում ահաբեկչությունների մեղավորը։ Դուք չեք կարողանում ձեր այս ռազմաբազայից դուրս գաք, սակայն մենք ենք ներս մտել ու այս պարկը հագցնում ենք ձեր գլխին»,-ասել է TGB-ի անդամը եւ փորձել պարկը հագցնել ամերիկացի զինվորականի գլխին։

Ձերբակալված TGB-ի 3 անդամներին դատարանը ստորագրությամբ ազատ է արձակել։