Արցախա-ադրբեջանական հետպատերազմյան  սահմանագծի մասին ռեպորտաժ պատրաստելիս Արցախի հանրային հեռուստաընկերության լրագրող Ծովինար Բարխուդարյանը խրամատներում հանդիպել է արդեն 15 օր տնից բացակայող  զինվորական ամուսնուն՝ Գարիկ Աբրահամյանին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հանրային հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժից:

Հանդիպման ժամանակ Գարիկ Աբրահամյանը, որը վաշտի հրամանատար է, խուսափում է կնոջը պատմել պատերազմի օրերին իր կատարած սխրանքների մասին,  նա միայն ասում է ՝ «արել է այն, ինչը կաներ յուրաքանչյուրը՝ հայրենիքը պաշտպանելու համար»:

Ծովինարը, որն անհանգստանում է իր ամուսնու առողջության համար, առաջին հերթին  ցանկանում է ծանոթանալ խոհանոցին՝ նրա մտահոգությունը փարատվում է, երբ զինվորական պահեստի դարակները տեսնում է լեփ-լեցուն:

Գարիկի ու Ծովինարի խրամատային հանդիպումը ռոմանտիզմով է պարուրվում՝ ամուսինը որոշում է բարձրանալ եւ խրամատի կողքերից կակաչներ քաղել կնոջ համար՝ առանց վտանգը հաշվի առնելու, այնուհետեւ կնոջը ճանաարհում է ՝ «Մեր առաջնագիծն ամուր է, արխային կացեք» խոսքերով: