Արդեն մի քանի օր է`«Վերնիսաժի» առեւտրականների մի մասը տարածքում սկսված բարեկարգման աշխատանքների պատճառով տեղափոխվել է բացօթյա շուկայի այն հատվածը, որտեղ դեռ բարեկարգման աշխատանքներ չեն իրականացվում: Ապրիլի 19-ին սկսվել է «Վերնիսաժի» մի հատվածի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման եւ բարեկարգման աշխատանքների 1-ին փուլը, որից հետո նախատեսված է բացօթյա շուկայի մնացած հատվածի բարեկարգման աշխատանքների սկսումը:
Տարածքում, որտեղ այս օրերին բացօթյա շուկայի բարեկարգվող հատվածիցց առեւտրականները եկել եւ առեւտուր են իրականացնում, շաբաթ օրերին կանգնում են նաեւ այլ առեւտրականներ. աշխատակիցները մտահոգված են` ինպես են կարողանալու շաբաթ օրերին նրանց հետ տեղավորվել այդ փոքր հատվածում. «Մենք արդեն մի քանի օր է` այստեղ ենք, ասել են, որ այդ հատվածի բարեկարգումից հետո պետք է բոլորով տեղափոխվենք այդտեղ, մինչեւ այս հատվածը նույնպես սարքեն: Էս քանի օրն ինչ եկել ենք, մեր առեւտուրը նստել ա, որովհետեւ Հանրապետության Հրապարակի կողմից եկող տուրիստները մտածում են, որ «Վերնիսաժը» չի գործում՝ քանդել են, ոչ մի ցուցանակ չեն էլ տեղադրել, որ տուրիստը հասկանա` այս կողմում ենք կանգնած, մտածում են փակ է ու գնում են»,-NEWS.am-ի հետ զրույցում ասում է «Վերնիսաժի» աշխատակիցներից տիկին Նարինեն:
Առեւտրականներից Գագիկ Գրիգորյանն էլ դժգոհում է, որ քաղաքապետարանը «Վերնիսաժի» բարեկարգման եւ արդիականացման աշխատանքները սկսել է տարվա այս սեզոնին, ըստ նրա` այս ընթացքում են զբոսաշրջիկները Հայաստան գալիս եւ առեւտուր անում իրենց մոտից.«Մենք դիմել էինք քաղաքապետարան, որպեսզի աշնանը շինարարությունը սկսեն, բայց ականջալուր չեղան ու հիմա սկսեցին, երբ առեւտրի սեզոնն է` տուրիստները տեսնում են, որ շինարարություն է ընթանում` թողնում գնում են: Մեզ կոնկրետ ժամանկահատված չեն ասել, թե երբ կվերջանա շինարարությունը, միայն գիտենք, որ մի մասն ավարտելուց հետո ընդհանուր պետք է բարեկարգված հատված տեղափոխվենք, որ այս մասն էլ բարեկարգեն»:
Գագիկ Գրիգորյանը նշեց, որ քաղաքապետարանն ու «Վերնիսաժի» տնօրինությունը իրենց այնքան էլ մանրամասն չեն ներկայացրել, թե ըստ նախագծի` ինչ է կոնկրետ նախատեսված, միայն ասել են, որ տաղավարներ են լինելու. «Սենց աշխատում էինք, լավ էր, գոհ ենք, կարողանում ենք անմիջական շփվել առեւտուր անողների հետ: Մեզանից ապրանք գնողը բաց երկնքի տակ տեսնում է մեր ապրանքը, իսկ երբ տաղավարներ լինեն, չգիտեմ` այդ հնարարվորությունը լինելու է, թե ոչ»,-ասաց նա:
«Վերնիսաժի» աշխատակիցները, չնայած բարեկարգման աշխատանքների պատճառով առաջացած անհարմարություններին, այնուամենայնիվ, հուսով են, որ տարածքի բարեկարգումից հետո իրենց համար ավելի լավ ու հարմարավետ աշխատանքային պայմաններ են ստեղծվելու:
Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանը ապրիլի 19-ին հայտարարություն էր տարածել, որ մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի «Վերնիսաժի» հատվածի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման եւ բարեկարգման նպատակով մեկնարկել են 1-ին փուլով նախատեսված շինհրապարակի կազմակերպման եւ սահմանազատման աշխատանքները:
Ըստ քաղաքապետարանի տարածած հաղորդագրության` տարածքի արդիականացումը մայրաքաղաքի համար սպասված ծրագիր է, ինչի արդյունքում Երեւանի կենտրոնում կձեւավորվի ավելի բարեկարգ ու կանոնակարգված «Վերնիսաժ», որն ավելի հարիր կլինի մայրաքաղաքի տեսքին:












