Մեծ ու վտանգավոր խաղի մեջ ենք մտնում, որը կոչվում է պատերազմական իրավիճակ, իսկ թե որքանով ենք պատրաստ դրան, սա է թեման, որի մասին բոլորս պետք է մտածենք: Այս մասին «ԲունTV»-ին տված հարցազրույցում հայտարարել է հայտնի երգիչ, երգահան ու ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

Նրա խոսքով, ապրիլյան քառօրյա պատերազմի երկրորդ օրն իսկ ֆանտաստիկ քանակի հարցազրույցներ են եղել, տարբեր մասնագետներ ելույթ են ունեցել եւ լավն այն է, որ ամեն ինչը ասված է: «Սա միակ դեպքն է, երբ ժողովուրդը 100 տոկոսով հասկացել է մեր խնդիրը, որն է մեր ներքին եւ արտաքին թշնամին, 100 տոկոսով տեղեկացված է, թե ինչ է կատարվում: Միակ բանը, որ չի հասկացել, այն է, թե ինչ պետք է անի: Այս օրերին համախմբվեցին այն մարդիկ, որոնք պետք է համախմբվեին, սակայն ես կասկածում եմ, որ դա տարածվում է ամբողջ ազգային նյութի վրա: Այս իրավիճակում ամբողջ ազգային նյութը պետք է մոբիլիզացվի, թող ոչ մեկին չթվա, թե կարող է թաքնվել: Թող ոչ մեկին չթվա, թե կմարսվի, կմոռացվի, կգնա: Այս պատերազմից հետո բավականին դիմակներ պատռվեցին, սուտ հայրենասիրությունը, թիթիզությունը կանգնեցին իր տեղում:

մենք կորցնում ենք մեր ազգի լավագույն սերմը, մեր խնդիրն է կանգնեցնել այդ կորուստը»,-ընդգծեց Մեսչյանը:

Նա ընդգծեց, որ միամտություն է կարծել, թե մենք նոր ենք մտել պատերազմի մեջ, այս պատերազմը սկսվել է 1,5 տարի առաջ: «Որ մեր երեխեքը զոհվում են, դա 25 տարի առաջվա պատասխանն է, ինչ որ մեկի «հերոսության», ինչ որ մեկի սրիկայության պատասխանն է»,-ասաց Մեսչյանն ու հավելեց, որ պատերազմի ժամանակ համախմբվեց մի տեսակը, իսկ մյուս տեսակը մեքենաներով գնում է ընտրական տեղամասեր, կաշառք է վերցնում:

«Ռազմական վիճակում ցանկացած գործունեություն, որը վնասում է երկրին եւ ազգին, հակապետական է: 40-50 մլն-անոց բարդակներ սարքելը, մեր հոգին մսխողը, հակապետական գործունեություն է: Այն ամենը ինչ արվում է մեր բյուջեի հետ եւ վերջում ազդում է մեր տանկերի վրա, հակապետական է: Լափել էլ չկա, տղերք, պրծավ արդեն, որովհետեւ եթե իմ աչքի առաջ տենց բան տեսնեմ, էլ ոստիկանություն չեմ կանչի, զահլես գնաց: Սա քաղաքական մոտեցում է, պահվածք է պատերազմական իրավիճակի մեջ, եթե սա հասկանանք, կգոյատեւենք: Եթե էսօր էնտեղ են կրակում, հետո կգան, կսկսեն Հայաստանը ռմբակոծել»,-ասաց երաժիշտը:

Նա կարծիք հայտնեց, որ այս հարցերը կարող են լուծվել, եթե խաղի կանոններ դրվեն, այս ամենը կառավարվի վերեւից: «Մեր վերեւները ադեկվատ չեն: Էս խաղերը, Մոսկվա գնալ, շամպայն խմել... սա այս իրավիճակը չէ, դու պետք է քո ատամները ցույց տաս, այսինքն, քո արժանապատվությունը»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ԵՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից դուրս գլու կոչերին, Մեսչյանն ասաց. «Մենք դեռ ԵՏՄ մտնելու եւ դուրս գալու ճամփին ենք: Երբ մտնում էիք տղերք, չէի՞ք տեսնում ինչ եք անում: Եթե երկու քայլ առաջ չես կարողանում մտածել, դու ի՞նչ քաղաքական գործիչ ես: Բա ՀԱՊԿ մտնելուց: Չգիտեի՞ք որ սենց է լինելու: Երբ դու սուբյեկտ ես, կապ չունի ուր ես մտնում, ամբողջը կախված է, թե դու գիտես ուր ես մտնում եւ մտնելուց առաջ ինչ ես ուզում»:

Նրա խոսքով, երկիրը վարի տվողներին սատկացնելու են, ոչ մեկը չի պլստալու: «Պրծավ, փախուստ չկա, տղերք, ի՞նչ եք անում, արա: Ես խոսում եմ որպես ՀՀ քաղաքացի, ոը տեսնում է, թե իր շուրջ ինչ է տեղի ունենում: Ժողովրդի դուրը չի գալիս, մի բան արեք, փոխեք: Այս չորս օրերից հետո ինձ թվում է, որ ինչ որ բան կարվի, բայց ոչ»,- ընդգծեց նա: