Ոստիկանությունը հայտնաբերել է կեղծ թղթադրամներ իրացրած 4 քաղաքացիների:

Ըստ ոստիկանության լրատվական ծառայության, օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ գիշերային ժամերին մայրաքաղաքի դեղատներում եւ բուքմեյքերական կետերում կեղծ 20 հազար դրամանոցներ են իրացվում:

Ոստիկաններն օրեր անց կեղծ թղթադրամ իրացնելու կասկածանքով բերման են ենթարկել Արթուր Թումանյանին եւ Գեւորգ Հարությունյանին:

«Պրոբլեմներ եմ ունեցել, նեղվել եմ գումարի առումով, նստած մտածում էի՝ ինչ անել, մտքովս անցավ՝ տպեմ: Ընդհանուր երեք հատ եմ արել»,- ասել է Արթուր Թումանյանը:

Գեւորգ Հարությունյանը մինչդեռ պնդել է, թե որեւէ առնչություն չունի իր մեքենայում հայտնաբերված 8 հատ 20 հազար դրամանոցի մասին:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Այս գործի շրջանակում կալանավորվել են նաեւ Մամիկոն Սարգսյանն ու Աննա Հակոբյանը:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: