22-ին Հայաստան է ժամանել Հոլիվուդի ամենահմայիչ դերասաններից Ջորջ Քլունին: Դերասանը չնայած հոգնեցուցիչ թռիչքին՝ Երեւան է ժամանել բարձր տրամադրությամբ, ժպիտը դեմքին, ջերմ ողջունել է լրագրողներին, ընդ որում հայերեն:
Քլունին Հայաստանում մասնակցելու է Aurora միջազգային առաջին մրցանակաբաշխությանը եւ անձամբ է հանձնելու մրցանակը: Ամենամյա այս մրցանակին կարժանանան նրանք, ովքեր իրենց կյանքը վտանգում են ուրիշներին օգնելու համար:
Նախօրեին «Զվարթնոցում» դիմավորում էին մեծանուն հայ շանսոնիե Շառլ Ազնավուրին: 92 տարեկանում երգիչը հավատարիմ է մնում ամեն տարի Ապրիլի 24-ին Հայաստանում լինելու ավանդույթին՝ միասնականության օրինակ ծառայելով աշխարհասփյուռ հայերին:
Այս օրերին Հայաստան են գալիս հայեր աշխարհի տարբեր երկրներից: Ազնավուրի հետ Երեւան է ժամանել ֆրանսահայ կինոռեժիսոր, դերասան Սերժ Ավետիքյանը: Նա իր մտահոգությունն է հայտնել ապրիլյան քառօրյա պատերազմի առնչությամբ, նշել, որ Թուրքիան կարծես թե Ադրբեջանից էլ շատ է շահագրգռված, որ պատերազմը վերսկսվի, եւ ժամանակն է, որ աշխարհը սանձի Էրդողանին:
Բարաք Օբաման ապրիլի 24-ի առիթով իր ամենամյա ուղերձում կրկին չի արտասանել Ցեղասպանություն բառը՝ ինչպես միշտ նախընտրելով զանգվածային ջարդ եւ հայկական Մեծ Եղեռն ձեւակերպումները: Սա Օբամայի վերջին հնարավորությունն էր իր նախըանտրական խոստումը կատարելու:
Մինչեւ հաջորդ ապրիլի 24-ը ԱՄՆ-ը նոր նախագահ կունենա:
Միաժամանակ, Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կումոն այս տարի ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության հիշատակման օր: Դրանով Նյու Յորքը հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև Ցեղասպանությունը վերապրած այն հայերին, որոնք բնակություն են հաստատել Նյու Յորք նահանգում:
Ռուսական լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, թե ղարաբաղյան կարգավորման Կազանի փաստաթուղթը մերժել են եւ Հայաստանը եւ Ադրբեջանը: Լավրովը այսօր հստակ ասաց, թե ում պատճառով է ձախողվել Կազանի համաձայնությունը:Լավրովը շեշտեց, որ ընդհանուր առմամբ երեւանյան բանակցություններից գոհ է: Այս պահին ամենակարեւորը հետագա բռնկուները կանխելն է եւ միջադեպերի հետաքննման մեխանիզմների ներդրումը:Օգտվելով հնարավորությունից՝ լրագրողները Նալբանդյանին հարցրեցին այն, ինչը պատերազմի առաջին օրերից քննարկում է հասարակությունը: Որտեղ էր մեր արտգործնախարարը եւ ինչով էր զբաղված: Չնայած հարցը Նալբանդյանն անտեղի համարեց, բայցեւայնպես չզլացավ թվարկել բոլոր այն հանդիպումները, որ ունեցել է այդ օրերին:
Ադրբեջանի գործողությունների պատճառով բանակցային գործընթացը լուրջ հետքայլ ունեցավ: Լավրովի հետ հանդիպմանն ասել է Սերժ Սարգսյանը: Նախագահը հիշեցրել է՝ Հայաստանը միշտ կառուցողական դիրքորոշում է ունեցել եւ վստահ է եղել, որ Մինսկի խմբի համանախագահները, ի վերջո, կներկայացնեն հարցի լուծման իրենց մոտեցումը, եւ հասցեական կասեն այն կողմի անունը, որը հրաժարվում է այդ առաջարկություններից: Ուրեմն ինչ պատահեց, ինչու հանկարծ շփման գծում վերսկսեցին ռազմական գործողությունները՝ Լավրովի կարծիքն է հարցրել Սերժ Սարգսյանը: Լավրովը, սակայն, այս հարցադրման ուղիղ պատասխանից խուսափել է:
Մենք ենք տերը մեր երկրի նախաձեռնությունը Ազատության հրապարակից այսօր փորձել է երթով շարժվել դեպի նախագահի նստավայր՝ իրենց պահանջները փոխանցելու: Նախաձեռնության անդամները պահանջում են, որպեսզի բանակցային գործընթացից բացառվի Արցախի ստատուս քվոն վտանգող եւ տարածքների հանձնում նախատեսող որեւէ լուծում, ինչպես նաեւ հեռացնել արտաքին գործերի եւ պատպանության նախարարներին, պարտադրել օլիգարխներին խոշոր գումարներ վճարել բյուջե:
Ոստիկանությունը ցուցարարներին թույլ չի տվել շարժվել Բաղրամյան 26: Բախումների ընթացքում բերման է ենթարկվել 10-ի ավելի ցուցարար:
Մեկ օրում երկու մահ՝ զինված ուժերում: Ապրիլի 21-ին կրծքավանդակի հատվածում հրազենային վիրավորումից մահացել է ժամկետային զինծառայող Կարեն Աղաբեկյանը: Այս գործով ձերբակալվել է նրա ծառայակիցը: Նախնական վարկածով՝ ողբերգությունը զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետեւանք է: Նույն օրը մեկ այլ զորամասի մարտական դիրքում կրկին զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետեւանքով գլխի շրջանում վիավորումից մահացել է ժամկետային զինծառայող Սպարտակ Քալաշյանը: Այս գործով նույնպես ձերբակալվել է նրա ծառայակիցը: Նախաքննությունը շարունակվում է:
Ապրիլի 22-ին աճել է միայն ռուբլու փոխարժեքը, դոլարը, եվրոն, ֆունտը էժանացել են: Դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 479, եվրոյինը 540, բրիտանական ֆունտինը՝ 687 իսկ ռուսական ռուբլունը՝ 7.23 դրամ:
Երեւանում ապրիլի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կհասնի +7-ի, իսկ վաղը ցերեկը՝ +23-ի:











