Հայտնի փաստաբան, իրավապաշտպան Ամալ Քլունին ամուսնու՝ աշխարհահռչակ դերասան Ջորջ Քլունիի հետ Հայաստան չի եկել, քանի որ զբաղված է իր պաշտպանյալներից մեկի դատական գործով: Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, դերասանն ասել է NEWS.am-ի թղթակցին:
«Նա այս պահին զբաղված է իր պաշտպանյալներից մեկի գործով եւ չկարողացավ գալ, թեեւ շատ էր ցանկանում»,- ասել է Քլունին:
Հարցին, թե ինչ զգացողություններ ունի այն կապակցությամբ, որ իրեն է վերապահված «Ավրորա» միջազգային մրցանակաբաշխության առաջին մրցանակակրի անունը հայտարարելու պատիվը, Քլունին պատասխանել է. «Շատ զգացված եմ, որ հնարավորություն ունեմ՝ այսօր լինելու այդ մարդկանց հետ, որոնք այդքան մեծ աշխատանք են կատարել»:
Քլունին ջերմությամբ շփվում էր բոլորի հետ, հաճույքով եւ համբերատար սելֆիներ անում բոլոր ցանկացողների հետ: Ի դեպ, ինչպես պարզվեց, դերասանը երկրպագուներ ունի նաեւ նախարարների շրջանում: Առաջիններից մեկը հմայիչ դերասանի հետ շտապեց լուսանկարվել Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Հիշեցնենք, որ Ջորջ Քլունին Հայաստան է ժամանել ապրիլի 22-ին:
















