Մեզ համար հիշարժան օրերին ադրբեջանական կողմը միշտ ակտիվություն է ցուցաբերում, երեկ հյուսիսային ուղղությամբ իրավիճակը լարված էր Մարտակերտում, կրակոցների թիվն ավելացել է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդու հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Գիտեք, որ այս օրերին, մեզ համար հիշարժան օրերին ադրբեջանական կողմը միշտ ակտիվություն է ցուցաբերում. ե'ւ երեկ, ե'ւ այսօր նույնպես լարվածություն է եղել շփման գծում: Հակառակորդն այդպիսով փորձում է մեր զգոնությունը ստուգել»,-ասել է Սեյրան Օհանյանն ու հավելել. «Երեկ հյուսիսային ուղղությամբ իրավիճակը լարված էր Մարտակերտում, կրակոցների թիվն ավելացել է, ականանետերից են կրակել, սակայն առաջնային գծում մեր ստորաբաժանումները վերահսկում են իրավիճակը»:
Դիտարկմանը, թե հրադադար է, բայց անընդհատ հակառակորդը կրակում է, վտանգ կա՞ որ լայնածավալ գործողություններ կսկսվեն, Սեյրան Օհանյանը պատասխանել է. «Մենք հիմա իրադրությունը վերահսկում ենք, ներկայումս իրավիճակը հանգիստ է»:











