Գյումրիում 2 տարի առաջ ազգությամբ քուրդ խորթ հորը սպանելու մեջ մեղադրվող Մաքսիմ Բաքոյանին դատարանն այսօր՝ ապրիլի 25-ին, դատապարտեց 4 տարվա ազատազրկման:
NEWS.am-ի թղթակիցը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից հաղորդում է, որ վճիռը Մաքսիմի հարազատներն ու ընկերներն ընդունեցին սուլոցներով ու բացականչություններով ընդունեցին՝ նշելով, որ իսկապես արդարություն կա:
Հիշեցնենք, որ Մաքսիմ Բաքոյանի համար մեղադրողը պահանջել էր 10 տարվա ազատազրկում: Ըստ գործով դատախազի՝ Մաքսիմը դեպքի պահին եղել է ոգելից խմիչքի ազդեցության տակ եւ վրեժխնդիր եղել խորթ հորից: Ամբաստանյալի փաստաբան Մամիկոն Մուրադյանը, սակայն, իր պաշտպանական ճառում հերքել էր դա՝ նշելով, որ մեղադրական ձեւակերպումը սխալ է: Մաքսիմ Բաքոյանն էլ իր հերթին ընդգծել էր, որ ինքն իսկապես մարդ սպանել է, սակայն մարդասպան չէ: Ամբաստանյալը նաեւ խնդրել էր դատարանին ներողամիտ գտնվել եւ թույլ չտալ, որ իր անչափահաս քույրն ու եղբայրը որբանան:
Հիշեցնենք, որ ազգությամբ եզդի Մաքսիմ Բաքոյանի մորը՝ Մայա Բաքոյանին, 2013թ. Թուրքիայում սպանել էր ամուսնու՝ ազգությամբ քուրդ Էվիլիա Գյուլիշթեքինի եղբայրը՝ կնոջ 4 տարեկան որդու աչքի առջեւ հրազենային մահացու վնասվածք հասցնելով հարսին:
2014թ. մարտին Մաքսիմը, որը մինչեւ այդ Գերմանիայում էր ապրում, վերադարձել էր Գյումրի եւ իր երկու հարազատ քույրերի, խորթ հոր եւ նրա 2 զավակների հետ ապրում էր Գյումրիում: Մարտի 15-ին նա դանակահարելով սպանել էր խորթ հորը։ Սպանությանն ականատես էր եղել Մաքսիմի մորաքույրը, որը NEWS.am-ին պատմել էր, որ Մաքսիմը դանակը մտցրել է խորթ հոր սիրտը, երբ վերջինն ասել է, որ Թուրքիա է գնալու՝ նրա մոր արյան փողը վերցնելու: Մաքսիմը, ըստ մորաքրոջ, խորթ հոր խոսքերից ենթադրել էր, որ նրա պատվերով է եղբայրը սպանել իր մորը եւ որոշել է վրեժ լուծել:
Մաքսիմ Բաքոյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Բաքոյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։











