Նախկին գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի եւ նրա մերձավոր ազգականներին պատկանող, Պանամայում գրանցված օֆշորային ընկերությունների վերաբերյալ ICIJ-ի հրապարակումներում տեղ գտած փաստաթղթերն ուսումնասիրվում են, ընթանում է քննություն եւ նախապատրաստվում են նյութեր: Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, Ազգային Ժողովում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հարցին ի պատասխան ասել է ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
«Այս պահի դրությամբ քննություն է ընթանում եւ նախապատրաստվում են նյութեր: Ուզում եմ հավաստիացնել, որ ՀՀ կառավարությունն իր իրավասությունների շրջանակում համապատասխան միջոցառումներ ձեռնարկում է, պարզապես կարեւոր է մի բան հասկանալ, թե հասցեականությունը որտե՞ղ է եւ կոնկրետ որ պետական մարմնից ի՞նչ պետք է ակնկալել: Եթե խոսքը գնում է ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող միջոցառումներին, ապա թույլ տվեք տեղեկացնել, որ այս կապակցությամբ կարեւոր մի քանի քայլեր իրականացվել են եւ իրավապահ համակարգի գործառույթները չպետք է զուգահեռվեն, կառավարությունը պետք է իրականացնի այնպիսի քայլեր, որոնք հնարավորություն են տալիս մշակել համապատասխան մեխանիզմներ եւ ի սկզբանե դեռեւս կրթության փուլից սկսած կոռուպցիայի դեմ պայքար իրականացնել»,-ասել է Արփինե Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանը հայտնվել էր օֆշորային լուրջ սկանդալի մեջ, ապա հայտարարություն էր տարածել. «Հայկական եւ միջազգային մամուլում վերջերս պանամական օֆշորների մասին հրապարակումներում ի հայտ եկավ նաեւ իմ անունը։ Ցավում եմ, որ անունս արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքի կողքին։ Անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառնա իմ երկրի եւ բռնապետական Ադրբեջանի միջեւ քաղաքակրթական որեւէ զուգահեռի, ինչի համար էլ այսօր իմ հրաժարականի դիմումն եմ ներկայացրել զբաղեցրածս պաշտոնից։
Օֆշորային հրապարակումներին հրապարակավ կանդրադառնամ արդեն որպես շարքային քաղաքացի՝ առանց պետական լծակներ տիրապետելու»:











