Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ մայիսի 6-ին, երկամսյա կալանքի որոշում կայացրեց  շորթման կասկածանքով մայիսի 3-ին ձերբակալված Analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի նկատմամբ: 

Նշենք, որ քննչական մարմինը Անի Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնելու միջնորդություն էր ներկայացրել:

Նիստը տեղի է ունեցել դռնփակ՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ:

Նշենք, որ դատարանն այսօր երկամսյա կալանքի որոշում է կայացրել նաեւ Անի Հովհաննիսյանի օգնական Վարդիթեր Գիշյանի նկատմամաբ:

Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝  «Մայիսի 2-ին ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկը ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ում հաղորդում է տվել, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաեւ իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ եւ վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, որոնց ընթացքում, անդրադառնալով կայքի նախկին հրապարակումներին, դրանք չդադարեցնելու եւ հետագայում նմանատիպ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300.000 դրամ:

Այնուհետեւ, կայքի տնօրենի ներկայացրած պահանջի կապակցությամբ պատգամավորի անունից բանակցություններ է վարել նրա ներկայացուցիչը: Բանակցությունների ընթացքում նրանց միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ պահանջվող 300.000-ական դրամը, նախապես պայմանավորված որեւէ վայրում, մինչեւ յուրաքանչյուր ամսվա 5-ը պետք է վճարվի կամ կայքի տնօրենին, կամ նրա օգնականին:

Մայիսի 3-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ըստ նախնական պայմանավորվածության, ժամը 15-ի սահմանում, Երեւան քաղաքի Նալբանդյան փողոցում գործող սրճարաններից մեկում, շորթման առարկա հանդիսացող 300.000 դրամ գումարը վերցնելուց հետո փաստով կայքի տնօրենի օգնական, ինքը եւ մամուլի ակումբի ղեկավարը բռնվել եւ բերման է ենթարկվել ԿՀԴՊ ԳՎ:

Հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել նաեւ կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը: