Խոհարար,երաժիշտ, բժիշկ ու ֆուտբոլիստ. նրանք բոլորը հիմա զինվոր են՝ զենքը ձեռքին, առաջին գծում: Մարտունու ուղղությամբ տեղակայված այս դիրքում տարբեր հետաքրքրություններ ունեցող երիտասարդներ են հավաքվել:

Դիրքի բուժակը` 19-ամյա Պողոսը, ուրախությամբ է նշում, որ այս ամիսներին «անգործ է մնացել». վիրավորված զինվոր չեն ունեցել, որ առաջին օգնություն ցույց տա: (ֆոտոռեպորտաժ)

«Ծառայությունս ավարտելուց հետո շարունակելու եմ ուսումս, բայց որպես պլաստիկ վիրաբույժ ու ավարտելուց հետո էլ վերադառնալու եմ Արցախի զորամասերից մեկը: Այստեղ պլաստիկ վիրաբույժի կարիք կա»,- ասում է շիրակցի Պողոսը:

Սամվելը ֆուտբոլիստ է, 12 տարի պարապել է «Բանանց» ակումբում: Արդեն տասը ամիս ֆուտբոլ չի խաղացել, բայց հասցնում է իր սիրելի թիմի խաղերին հետեւել:

«Ցանկություն կա ֆուտբոլը շարունակելու: Տեսնենք` ոնց կլինի»,- ասում է Սամվելը, չնայած հասկանում է, որ երկու տարվա դադարը կարող է անդրադառնալ իր մարզավիճակի վրա:

19-ամյա Հովսեփը խոհարար է: Հնարավորության դեպքում զորամասում էլ է ընկերների համար համեղ բաներ պատրաստում:

Մխիթարը Մասիս քաղաքից է, Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանում ուսումը կիսատ թողնելով` մեկնել է ծառայության,բայց սիրելի զբաղմունքը` երգը, չի մոռացել. ընկերների համար հաճախ է հայրենասիրական երգեր երգում, բարձրացնում մարտական ոգին:

Ծառայությունն ավարտելուց հետո ամեն մեկը կզբաղվի իր սիրած գործով, իսկ այսօր նրանց բոլորի գործը մեկն է՝ հայրենիքի պաշտպանությունը: