Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի ուղղությամբ արդեն մի քանի օր է` չեն կրակում: Այնուամենայնիվ, կանայք, երեխաներն ու ծերերը դեռեւս գյուղ չեն վերադառնում (ֆոտոռեպորտաժ):

Մատաղիսն առաջին անգամ հակառակորդը արկակոծել է ապրիլի 2-ին՝ առավոտյան 06:30-ի սահմաններում: Տղամարդկանց սկզբում թվացել է, թե սովորական կրակոցներ են, սակայն առաջին արկի ընկնելուց հետո իջել են նկուղներն ու այնտեղ սպասել, ավելի ուշ տարհանել կանանց, երեխաներին ու տարեցներին:

Հենց այդ ժամանակ էլ վիրավորվել է գյուղապետը, որը մի քանի օրից արդեն Մատաղիս կվերադառնա: Նա, ի դեպ, միակն է, որ տուժել է գյուղում, չնայած արկերից երկուսը տների վրա են ընկել, երկուսն էլ` հիդրոէլեկտրակայանում:

Գյուղացիներն ասում են՝ հրաշքով են փրկվել: Տներից մեկում, որտեղ ընկել է արկը, այդ պահին մարդ չի եղել, մյուսում թոշակառուներ են ապրում, բայց չեն վնասվել: Արկերից մեկն էլ ընկել է գյուղում գործող ՀԷԿ-ի մեջ: Այդ պահին շենքում աշխատողներ են եղել, որոնք չեն տուժել:

«Երկու արկ հարվածել է պատին ու ընկել ներս, մեկ ագրեգատոր է վնասվել: Բարեբախտաբար, աշխատողներից ոչ մեկին ոչինչ չի եղել, մեզ համար դա է կարեւոր, իսկ ՀԷԿ-ն արդեն աշխատում է, չնայած դեռ 75 տոկոսով»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԷԿ-ի պետի տեղակալ Վալերի Եդիգարյանը:

Մատաղիսցիներն ասում են՝ չէին պատկերացնում, որ ադրբեջանական կողմն իրենց գյուղը կարկակոծի: Զինադադարի կնքումից հետո իրենք ապրում էին իրենց բնականոն կյանքով եւ չէին մտածում հեռանալու մասին: Հիմա էլ ոմանք հրաժարվում են լքել իրենց տները:

Ռոզա Դանիելյանը առաջին օրը միայն թոռներին է տեղափոխել, ինքն ու աղջիկը նորից վերադարձել են Մատաղիս:

«Ոչ մի տեղ չեմ գնալու, մնալու եմ էստեղ, մեր ծառայողներին օգնեմ: Առաջ պիտի գնանք, ոչ թե հետ»,- ասում է տիկին Ռոզան: