Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնում Երեւանում, այսօր՝ մայիսի 13-ի գիշերը տեղի ունեցած ավազակային հարձակման մասին:

Ըստ այդմ, գիշերը ժամը 4:25-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց զանգած քաղաքացին հայտնում է, թե Դոդոխյան փողոցի 24 տնից վիճաբանության ձայներ են լսվում:

Շտապ մեկնած օպերատիվ խումբը հիշյալ հասցեում հայտնաբերել է բնակարանատերեր Լեւոն Ա.-ին, Դավիթ Ա.-ին, Սամվել Հ.-ին, ինչպես եւ երկու անձանց՝ մարմնական վնասվածքներով:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ վերջիններս Երեւանի Պոպովի փողոցի բնակիչներ, 25-ամյա Էդգար Մանուկյանն ու 29-ամյա Հրաչյա Ֆալանջյանն են:

Ճշտվել է, որ նրանք նույն օրը, ժամը 4:00-ին, ավազակային հարձակման նպատակով լոգարանի պատուհանից մտել են Դոդոխյան 24 տուն, որտեղ հանդիպելով բնակարանատերերի դիմադրությանը՝ ատրճանակի ու դանակի գործադրմամբ հրազենային ու ծակած-կտրած վնասվածքներ են պատճառել նրանց:

Ավազակային հարձակում գործածները նույնպես վնասվածքներ են ստացել, ինչի հետեւանքով Հրաչյա Ֆալանջյանը մահացել է, իսկ Էդգար Մանուկյանը տեղափոխվել է հիվանդանոց:

Նշենք, որ Հրաչյա Ֆալանջյանը ոստիկան է եղել. նրա նկատմամբ մայիսի 1-ին, կարգապահական կոպիտ խախտման համար, նշանակվել էր ծառայողական քննություն, որի արդյունքներով նա ազատվել էր աշխատանքից:

Նշանակվել են դատաբժշկական եւ դատաձգաբանական փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանում մայիսի 13-ին, գիշերը ավազակային հարձակում է տեղի ունեցել. կա 1 զոհ եւ 4 վիրավոր: Ավազակային հարձակում են կատարել «Բրավո» տաքսի ծառայության տնօրենի տան վրա: Հ. Ֆալանջյանն ու Է. Մկրտչյանը՝ զինված ատրճանակով ու դանակով, դիմակավորված, 2-րդ հարկի պատուհանը բացելու միջոցով մտել են Լ. Ավետիսյանի տուն եւ ատրճանակի ու դանակի սպանալիքի տակ փորձել ավազակային հարձակում կատարել:

Տանտերերը դիմադրություն են ցույց տվել ու կարողացել են վնասազերծել նրանց, ինչի հետեւանքով Ֆալանջյանը մահացել է, իսկ 57-ամյա Լևոն Ավետիսանը, նրա տղան՝ 17-ամյա Դավիթ Ավետիսյանը և նրանց փեսան՝ 32-ամյա Սամվել Հարությունյանը տեղափոխվել են հիվանդանոց: Հիվանդանոց է տեղափոխվել նաեւ ավազակային հարձակման մեջ կասկածվող 25-ամյա Էդգար Մկրտչյանը: