Լեռնային Ղարաբաղի ճանաչման համար միջանկյալ քայլ է պետք։ Այս մասին մայիսի 16-ին խորհրդարանում ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծը օրակարգում  ներառելու հարցը քննարկելու ժամանակ։

Նրա խոսքով՝ բանակցությունների արդյունքում պարզ կլինի, թե երբ է առավել հարմար ճանաչել ԼՂՀ անկախությունը։ «Մեր կողմից մենք պետք է միջանկյալ քայլ անենք՝  պատրաստելով եւ ստորագրելով Լեռնային Ղարաբաղի հետ փոխօգնության մասին պայմանագիրը»,- ասել է Ռուստամյանը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծն այսօր՝ մայիսի 16-ին, չընդգրկվեց խորհրդարանի ընթացիկ նստաշրջանի օրակարգում: