Երեւանի Էրեբունի համայնքի մաս կազմող Ջրաշենում մսատու կենդանիների համաճարակ չկա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարության Անասնաբուժասանիտարիայի եւ բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Ավագյանը: Նրա խոսքով, մասնագիտական խումբ է ուղարկվել Ջրաշեն, որը երկու օր շարունակ ուսումնասիրություններ է իրականացրել, սակայն, որեւէ անկած կենդանի չի հայտնաբերվել:

«Այդ համայնքում երկու օր շարունակ եղել ենք, ուսումնասիրություններ ենք իրականացրել, մասնագիտական  շրջայց ենք կատարել: Տները շրջել ենք, սակայն սատկած կենդանիների չենք հանդիպել: Մի քանի կենդանի տեսանք գոմերում, մյուսները արոտավայրերում էին: Այդ կովերի մոտ թեթեւ նշաններ կային, որոնք հնարավոր է, որ ստոմատիկ էին, հետպատվաստման արդյունք, դա նորմայի մեջ է: Գյուղացիներն ասացին, որ անկումներ են եղել, բայց հարցնում ենք ինչի չեք տեղեկացրել մեզ ժամանակին, ասում են՝ շներին տվեցի, կամ քցեցի, լաբորատոր ուսումնասիրությունների համար այդ պատճառով նմուշառում չի եղել: Համաճարակ չկա, կայուն իրավիճակ է, հսկողության տակ է գտնվում»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ  Երեւանի Էրեբունի համայնքի մաս կազմող ՋրաշենԻ բնակիչները պնդում են, որ մսատու կենդանիները սատկում են անհայտ հիվանդությունից. մի քանի օրվա մեջ սատկել է 30 կով եւ 6 հորթ: