Շատերը բավարարված չեն փոփոխությունների տեմպերով, բայց մյուս կողմից էլ պետք է հասկանանք, որ կտրուկ փոփոխությունները ոչ մի լավ հանգրվանի չեն հասցնի: Այս մասին Վիեննայից վերադառնալու ճանապարհին օդանավում լրագրողներին ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
«Անկախ ապրիլյան իրադարձություններից իհարկե անհրաժեշտ է, կենսական անհրաժեշտություն է պետական միջոցները խնայողաբար ծախսել, բայց ո՞վ է ասում, որ նախկինում մենք ցանկություն չենք ունեցել եւ դրա դեմ չենք պայքարել։
Մեզնից յուրաքանչյուրը՝ լինի գործադիր օղակը, օրենսդիր օղակը թե դատական իշխանությունը, պետք է հասկանա, որ ամեն օր պետք է մտածել բարելավումների մասին։ Պարտադիր չէր, որպեսզի այդ 4 օրը լիներ, որպեսզի մենք խոսեինք բարեփոխումների մասին»,-ասել է նա:
Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ փետրվարի 12-ին, երբ չէր կարող կանխատեսել, որ ապրիլի սկզբին իրադարձություններ են լինելու, իր ելույթում խոսել է փոփոխությունների մասին։ «Բայց մինչ խոսելը երբ նախաձեռնում էինք սահմանադրական բարեփոխումներ, դա նշանակում է փոփոխությունների սկիզբ։ Եվ անկախ նրանից ռազմական գործողություններ եղել են, թե ոչ, մեր երկրում այդ փոփոխություններ պետք է ընթանան:
Հասկանում եմ, որ շատերը բավարարված չեն փոփոխությունների տեմպերով, բայց մյուս կողմից էլ պետք է հասկանանք, որ կտրուկ փոփոխությունները ոչ մի լավ հանգրվանի չեն հասցնի։ Միշտ էլ կարելի է իշխանություններին կշտամբանք ուղղել նրանց ենթադրյալ դանդաղկոտության, ոչ ճիշտ որոշումների համար, բայց դրա լավագույն չափորոշիչը խնդիրը համեմատության մեջ նայելն է։ Ճիշտ ճանապարհը սա է»,-ընդգծել է ՀՀ նախագահը:











