Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստին այսօր` մայիսի 19-ին, միջադեպ է տեղի ունեցել:
Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների իրավասության դատարանում գործով իրեղեն ապացույց ճանաչված առարկաների ուսումնասիրության ժամանակ, երբ պաշտպանական կողմի առաջարկությամբ բացվեց սպանված կուրսանտի մահճակալի սավանը, որն ամբողջությամբ արյունոտ էր, Հայկազ Բարսեղյանի տատիկը հուզվեց: Դատարանը հինգ րոպե ընդմիջում հայտարարեց, որի ժամանակ սպանված կուրսանտի տատիկը լացելով դիմեց ամբաստանյալների փաստաբաններին:
«Դուք հանցագործների եք պաշտպանում, որոնք տանջելով սպանել են իմ թոռանը»,- ասաց նա:
Ընդմիջումից հետո դատավորը թույլ չտվեց կնոջը ներկա գտնվել նիստին:
Դատարանը շարունակում է ուսումնասիրել ապացույցները:
Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:











