Մայիսի 7-ին, ժամը 9:30-ին, Չարենցավանի բժշկական կենտրոնից ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ քաղաքի 5-րդ թաղամասի 3-րդ շենքի շքամուտքում մարդ կա ընկած: 3-րդ հարկի աստիճանին ընկած էր նույն քաղաքի 4-րդ թաղամասի բնակիչ Սամվել Հարությունյանի անշնչացած արնաթաթախ մարմինը՝ դեմքի եւ գլխի վնասվածքներով:  Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սպանությունը կատարել է Չարենցավանի 48-ամյա բնակիչ Աշոտ Խաչատրյանը:

Սամվելն ու Աշոտը նախորդ օրը հյուրըկալվել են հիշյալ շենքի 10-րդ բնակարանում, որտեղ սեղան էին նստել, խմել ու հարբել: Ալկոհոլի ազդեցության տակ Սամվելն ու Աշոտն ինչ-որ հարցի շուրջ վիճել են, որն ավարտվել էր ողբերգությամբ: Ծեծելով Սամվելին՝ հանել էին տնից, թողել աստիճանահարթակին եւ ներս մտել:

Լուսաբացին ժամը 8-ի սահմանում նրանք դուրս էին եկել բնակարանից եւ հեռացել՝ տեսնելով, որ նա անշարժ պառկած է շքամուտքում:

Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Աշոտ Խաչատրյանը նույն օրը ձերբակալվել է, ապա՝ կալանավորվել :

Նախաքննությունը շարունակվում է: