Երեւանի Ազատության պողոտայում՝ Մամիկոնյանց 2 շենքի հարակից տարածքում անհատ տաքսու վարորդներին ստիպում են այդ տարածքը լքել, ինչն էլ հարկադրել էր վարորդներին տեղում բողոքի ակցիա կազմակերպել։  Նրանք լրագրողների հետ զրույցում սպառնացին պատկան մարմիններին՝ եթե իրենց բողոքին ականջալուր չլինեն, բողոքի ակցիաները տեղափոխելու են քաղաքապետարանի, կառավարության շենքերի մոտ։

Ըստ նրանց՝ նույն հասցեում գտնվող «Ոսկե գետակ» խանութի սեփականատերը վերջին օրերին վարձակալել է մայթեզրին կից ճանապարհի մի զգալի  հատվածը խանութի մատակարարների մեքենաները կայանելու նպատակով եւ ստիպում է վարորդներին հեռանալ այդ տարածքից, մինչդեռ նրանք  ոտ երկու տասնամյակ աշխատում են հենց այդ տարածքում։

«Ոսկե Գետակ» խանութը, ըստ վարորդների, պատկանում է Խ․ Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի դասախոս Գրիգոր Ամալյանին, ում որդին Նոր Նորքի դատարանի դատավոր էդուարդ Ամալյանն է։ Նրանք  օրեր առաջ տվյալ տարածքում տեղադրել են համապատասխան ցուցանակը, որ դա ընկերության կայանատեղին է։

Վարորդներն ասացին, որ իրենց պարտադրում են տեղափոխվել «մի քիչ վերեւ», բայց դա հնարավոր չէ,  քանի որ փոքր-ինչ վերեւ դարձյալ տաքսի մեքենաներ են կայանված եւ նորեկների համար պարզապես տեղ չկա։ 

«20 տարի ա, էստեղից հացի փող ենք առնում, տանում տուն։ Բերել են, տրաֆարետ են դրել ու  էս երկու օր շարունակ գալիս,  ասում են՝ պիտի գնաք էստեղից։ Լիցենզիան մուծում ենք, «կարմիր գծերի» վճարը մուծում ենք։ Ասում են՝ 500 հազար դրամ տարեկան փող ենք մուծել, դուք կտա՞ք մեզ էդ փողը։ Խանութը Գրիգոր Ամալյանին ա, ում տղեն 4-րդ Մասիվի դատարանում դատավոր ա,  գալիս, սիգնալ ա տալիս,  ի՞նչ պիտի անենք, մեզ չի հետաքրքրում՝ բարձրաստիճան պաշտոնյա են,  ինչ են․․․ մայթը գրավել են, չեն թողնում կանգնենք, ասում են՝ վերեւ կանգնեք, բայց չի լինում, քանի որ հաճախորդ չկա, վերեւում էլ տեղ չկա․․․»,-ասաց տաքսու վարորդ Ալիկ Թամամյանը։

Վարորդներից մեկն էլ  հավելեց, որ իրենք  այլ տեղ չունեն գնալու, եթե մայթից իրենց հեռացնեն, ապա հանապազօրյա հացից էլ են զրկվելու։

«Մենք դիմել ենք ամեն տեղ, որ մեզ տաքսու զնակ տային ստեղ դնեինք, չտվեցին։ Մենք ուրիշ տեղից աշխատելու հնարավորություն  չունենք, թող  խանութի համար մի քիչ վերեւ տեղ տրամաֆդրեն, մեզ իրավունք տան՝ էստեղ կանգնենք ու մեր երեխեքի հացի փողը աշխատենք։ Վերեւ բարձրանալ չի լինի, որովհետեւ էնտեղ էլ տաքսի կա կանգնած 30-40 մեքենա։ Ամեն մեկն իր տեղն ունի։ Մեր հիմնական հաճախորդը էս դալանից ա դուրս գալիս։ Մենք աշխատում ենք միշտ օրենքով սահմանված կարգով»։

Մոտ երկու տասնյակ վարորդներ պահանջում են, որ իրենց թույլ տալ շարունակել աշխատել նշված վայրում, ինչպես նախորդ տարիներին։ Պահանջը օրեր առաջ նամակով ներկայացրել են քաղաքապետարան, սակայն մինչեւ հիմա պատասխան չեն ստացել։

Մինչդեռ «Ոսկե գետակ» ՍՊԸ-ն օրենքով սահմանված կարգով ձեռք է բերել տվյալ հատվածը վարձակալելու համապատասխան թույլտվությունը եւ հարմարավետ պայմաններ ստեղծել բիզնեսգործունեության համար։ Գրիգոր Ամալյանը մեզ հետ զրույցում պնդեց, որ իրենց գործընկերների հետ աշխատանքը խնդրահարույց էր դառնում տվյալ հատվածում կայանված տաքսիների պատճառով եւ իրենք այժմ վարձակալել են տարածքը, որը պիտի ծառայի իրենց մատակարարներին։

«Կներեք, ներկայանամ, ես  առեւտրական չեմ,  դոկտոր, պրոֆեսոր եմ՝ կենսաբանության, բժշկության գծով, բայց ղեկավարում եմ ընկերությունը։ Այսօր խնդիրն այն է, որ քաղաքապետարանից տաքսու թույլտվություն են տվել կանգնել 15-20 մ հետ, որպեսզի այդ ընկերության մատակարարները չեն կարողանում մոտենալ ընկերությանը։ Հիմա տաքսիները կարող են կանգնել հետ ու թույլ տալ, որ իրականանա պատվավաոր պաշտոնական ընկերության գործունեությունը։ Իրենք  էլ  ասում են, թե հաճախորդները այնտեղից են նստում։ Օրինավոր կպցրած է, որ «Ոսկե գետակ» ընկերության կայանատեղին է, որի համար օրենքով թույլտվություն կա։ Տաքսիները խանգարում են ընկերությանը, ընկերներ ու շրջապատ ունենք, ուզում են գան էստեղ, չեն կարողանում կանգնել»,-ասաց խանութի սեփականատերը՝ շեշտելով, որ պահը հասունացել էր։

Նա շեշտեց, որ որդին չի միջամտում այդ գործին։ «Իմ որդին չի խառնվում էդ գործին, նորմալ դատավոր է եւ ունի բարի համբավ դատական համակարգում։ Ինչպես որ բարի համբավ ունի Գրիգոր Ամալյանը մանկավարժականում»։