Ազատ գետի ջրի տեղափոխման դեմ պայքարող քաղաքացիների հետ հանդիպումից հետո այսօր` մայիսի 21-ին, վարչապետ Հովիկ Աբրահամյանն  հյուրընկալվեց գառնեցիներից մեկի տանը: Տարեց կինը` Մարջան Մուրադյանը, վարչապետին իր տուն հրավիրեց  թարմ մածուն ուտելու, այն բանից հետո, երբ վարչապետը գառնեցիների պահանջով այսօր չեղյալ հայտարարեց «Քաղցրաշենի ինքնահոսի ոռոգման ծրագիրը» եւ Ազատի կիրճից հանել տվեց շինարարական ծանր տեխնիկան:

Տարեց կնոջ` «մի շրջապատեք վարչապետին, թողեք Գառնիի թարմ օդը շնչի» թիկնապահներին ուղղված կշտամբանքներից հետո, վարչապետը հանձնարարեց թիկնապահներին քայլել իրենից մի քիչ հեռու, իսկ ինքը  Գառնի գյուղի մուտքի մոտից  քայլելով, զրուցելով գյուղացիների եւ լրագրողների հետ` հասավ գյուղի մյուս ծայրում գտնվող տարեց կնոջ տուն: Վարչապետը, սակայն, թարմ մածունի փոխարեն նախընտրեց թարմ լավաշ ու կարագ ուտել:

Վարչապետի հետ տիկին Մարջանի տանը հյուընկալվեցին նաեւ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը:

Նշենք, որ գառնեցիները, որոնք արդեն երկու օր է փակել էին գյուղ տանող գլխավոր ճանապարհը, այսօր այն բացեցին միայն այն բանից հետո, երբ վարչապետը խոստացավ չեղյալ հայտարարել «Քաղցրաշենի ինքնահոսի ոռոգման ծրագիրը» եւ Ազատի կիրճից հանել տվեց շինարարական ծանր տեխնիկան:

Նշենք, որ մայիսի 20-ին գառնեցիները նույն պահանջով համարյա 1 օր փակ պահեցին Երեւան-Գառնի ճանապարհը, այն բացեցին ուշ երեկոյան՝ անձրեւի պատճառով: Ազատ գետից ջրի տեղափոխման դեմ պայքարող գառնեցիների հետ հանդիպման էր գնացել Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, սակայն, գյուղացիները չէին համաձայնել նրա հետ գյուղապետարանում քննարկել խնդիրը: Մարզպետը գյուղացիներին հյատնել էր, որ այսօր սպասվում է  վարչապետի այցը Գառնի:

 Հիշեցնենք, որ մայիսի 16-ին, շինարարական ծանր տեխնիկան կրկին մտցվել է Ազատի կիրճ: Գառնեցիներն արդեն 2 տարի պայքարում են Կառավարության որոշումը չեղյալ համարելու համար, որով նախատեսվում է Ազատ գետի ջուրը Գառնիի հեթանոսական տաճարի տակից խողովակներով տեղափոխել Արտաշատի 12 գյուղեր: Գյուղացիներն ասում են՝ այդ ծրագրի իրականացման դեպքում գետը կցամաքի, իրենց այգիներն էլ կչորանան: