Գյումրիի Վազգեն Ա-ի անվան թիվ 27 դպրոցում այսօր՝ մայիսի 24-ին, հայոց պատմության դասասենյակն անվանակոչվեց նույն  դպրոցի սան, ապրիլի 1-ին  ԼՂՀ-ում հերոսաբար զոհված  20-ամյա Վլադիմիր Մելքոնյանի անունով:

Վլադիմիրի  անունով անվանակոչված դասասենյակի մի անկյունում հերոսի մասին խոսող նկարներ, առարկաներ ու հուշատետր էր դրված, որտեղ թե այցելուները, թե աշակերտները իրենց  կարծիքն են գրում հերոսի մասին:

Դպրոցի տնօրեն  Կարինե Լալազարյանը նշեց, որ  Վլադիմիրի ներկայությունը միշտ զգացվելու է այս դպրոցում, նրան երբեք բացակա չեն դրել. «Մեր հերոս տղան միշտ մեզ հետ է, ու հիմա մեր նպատակը մեկն է՝ այս սենյակում դաստիարակել հայրենասեր զինվորներ»:

NEWS.am-ի հետ զրույցում  Վլադիմիրին դասավանդած ուսուցիչները հպարտությամբ են խոսում նրա մասին: «Չափից դուրս հայրենասեր տղա էր, միգուցե դա իրեն մոտ գեներով է գալիս՝ հայրը նույնպես արցախյան պատերազմի մասնակից է եղել, ինքը լուռ ինքնամփոփ. բայց  անդադար հարցնում էր 90-ականների պատերազմի մասին, հետաքրքրվում էր հայրենիքով»,-ասաց «նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսուցիչ Գարեգին Ջամբազյանը:

Վլադիմիրի ամենասիրած առարկաները  հայոց պատմությունն ու ՆԶՊ-ն են եղել: «Վլադիմիրը դասերի ավարտից հետո մնում էր, որ ուսումնասիրի զենքերն ու պատերազմական տարիների  մասին ավելի շատ տեղեկություն իմանա Գարեգին Ջամբազյանից, քանի որ ուսուցիչը  եւս արցախյան պատերազմի մասնակից է եղել:

«Մենք ինքնաձիգ ունեինք, դասերից դուրս գալիս էր ասում էր՝ ընկեր Ջամբազյան, թող մի հատ ինքնաձիգը քանդեմ-հավաքեմ: Ես առանց զլանալու իր բոլոր հարցերին պատասխանել եմ, ինքնաձիգն ինչքան ուզել քանդել –հավաքել է»,-ասաց Գարեգին Ջամբազյանը:

Ժաննա Մարտիրոսյանը՝ Վլադիմիր դասղեկը, ամենալավն է ճանաչել հերոսին: «Մենք այսօր մեծ հպարտություն ենք ապրում, որ Վլադիմիրի անվան դասասենյակ ունենք եւ հույս ունեմ , որ նոր սերունդը անպայման կդաստիարակվի Վլադիմիրի ոգով, կլինեն մեծ հայրենասերներ: Ես ուզում եմ որ իրենք արժանի լինեն իրենց ընկերոջը»,-ասաց Ժաննա Մարտիրոսյանը:

«Ես հպարտ եմ , որ այսպիսի զինվորներ ունենք: Դիրքերում գտնվող բոլոր տղաներն էլ մեր ընկերներն ու եղբայրներն են եւ նրանց մաղթում եմ , որ ամուր լինեն եւ Աստված նրանց հետ: Մենք այս դասասենյակը աչքի լույսի նման կպահենք ու կփոխանցենք մյուս սերունդներին»,-ասաց աշակերտներից Մերուժան Փիլոսյանը: