Մայիսի 28–ին իշխանական վերնախավը, ավանդույթի համաձայն, Սարդարապատի հուշահամալիրում էր: Հայ ժողովուրդն այսօր տոնում է Առաջին հանրապետության ստեղծման 98–րդ տարեդարձը: Տարբեր ստորաբաժանումների զինվորականների մասնակցությամբ տեղի ունեցավ տոնական շքերթ:

Հանրապետության տոնի կապակցությամբ նախագահն այսօր հանձնեց հետմահու շնորհված պետական բարձրագույն պարգևները: Նախագահական նստավայրում պարգեւները ստացան 2016 թվականին մարտական և ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների, կամավորների, աշխարհազորայինների և պահեստազորայինների ընտանիքների անդամները:  

Տոնական օրն ամփոփվեց Ցեղակրոն գաղափարախոսության հիմնադիր, ռազմական ու պետական գործիչ Գարեգին Նժդեհի արձանի բացումով: Քանդակագործ Գագիկ Ստեփանյանի հեղինակած բրոնզաձույլ արձանը բացվեց Երևանի կենտրոնում՝ Վերնիսաժի հարակից այգում: Բացմանը մանսակցում էր նաեւ Նժդեհի ծոռը՝ Արմեն Բաբայանը:  Ինչու Նժդեհի արձանը չտեղադրվեց հենց Նժդեհի անվան հրապարակում, որտեղ առ այսօր տեղադրված է խորհրդային գործիչ Սուրեն Սպանդարյանի արձանը՝ հետաքրքրվել են քաղաքապետ Տարոն Մարգարյանից:

Աղվան Հովսեփյանն Ապարանում էր հավաքել ապարանցիներին՝ նշելու «Բաշ-Ապարանի» հերոսամարտի 98-ամյակը: Ավանդույթի համաձայն, ապարանցիները շուրջպար բռնեցին: Միջոցառման կուլմինացիան տոնական տորթը կտրելու պահն էր։ Աղվան Հովսեփյանը անձամբ կտրեց տորթն ու Վահրամ Բաղդասարյանի հետ բաժանեց քաղաքացիներին։ Տորթն իսկական աժիոտաժ առաջացրեց հավաքվածների շրջանում: 

Լրագրողները օգտվելով հնարավորությունից այսօր տոնական տարբեր միջոցառումների ժամանակ հարցեր ուղղեցին պաշտոնյաներին՝ ամենաքննարկվող խնդիրների վերաբերյալ: Գլխավոր հարցերը  ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով հայկական կողմի կորցրած հողերի, դրանց նշանակության, եւ վերջին օրերին երկու ամենաքննարկվող գեներալների՝ Մանվել Գրիգորյանի եւ Սամվել Բաբայանի մասին էին:

Վահան Բադասյանը հայտարարել էր, որ Մանվել Գրիգորյանը Հադրութում անցնելիս կանգնել ու հայհոյել է  իր մեքենայի ճանապարհը փակած զինծառայողներին: Այս միջադեպի  վերաբերյալ հարցը բարկացրեց գեներալին: Մանվել Գրիգորյանին դուր չեկավ նաեւ Արցախում կորցրած 800 հեկտարի մասին հարցը: Նա վստահեցրեց, որ դրանք այդ տարածքները ոչ մի նշանակություն չունեն: 

800 հեկտարի մասին հարցին Սեյրան Սարոյանը պատասխանեց իր ոճով: Մանվել Գրիգորյանի միջադեպի մասին հարցին գեներալ պատգամավորն ընդհանրապես հարկ չհամարեց պատասխանել:

Բարով ա եկել՝ Արցախի բանակի առաջին հրամանատար Սամվել Բաբայանի վերադարձի մասին ասաց Սեյրան Սարոյանը: 

Քառօրյա պատերազմի եւ դրան հաջորդած օրերին Առաքել Մովսիսյանի անունը ամենաշատ շրջանառվողներից էր: Ասում էին՝ ազատամարտիկ-պատգամավորը իրականում չէ առաջնագիծ է գնացել, այլ Գորիսի իր առանձնատանն էր:Հասարակական վրդովմունքը մեծացավ եւ համացանցում տարածվեց տեսանյութը՝ ինչպես է նա իբրեւ օգնությւոն ծխախոտ շպրտում տանկիստներին: Առաքել Մովսիսյանը նույնիսկ չցանկացավ պատասխանել այս հարցերին: 

ՊԵԿ նորանշանակ  նախագահ Հովհաննես Հովսեփյանը, ըստ երևույթին, դեռ չի սովորել լրագրողների սուր հարցերին:  Սկզբում նա փորձում էր անտեսել լրագրողների հարցերը, հետո նյարդերը տեղի տվեցին:

Լրագրողներից չկարողացավ խույս տալ նաև Յուրի Խաչատուրովը: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ սուտ որակեց լուրերը, որ ինքը  տեղյակ է եղել ապրիլի սկզբին հակառակորդի զորքի տեղաշարժի մասին, սակայն քայլեր չի ձեռնարկել: Իսկ որտեղից Խաչատուրովին իր շքեղ առանձնատունը, որի մասին հասարակությունը սկսեց խոսել ապրիլյան պատերազմից հետո՝ պահանջելով առաջին հերթին կուլակաթափ անել հենց շտաբի պետին:

 ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը վստահեցրեց,  որ Կառավարության շենքի առջեւ բողոքող քաղաքացիները իրականում կապ չունեն «Նորաշեն» 2007 ՍՊԸ-ի հետ, այլ պարզապես իրեն վարկաբեկելու նպատակ են հետապնդում: Ինչ վերաբերում է իսկական  բնակարանատերերին, որոնք տուժել են այս պատմությունից , պատգամավորը վստահեցնում է, որ նրանց հետ մշտական կապի մեջ է ու նրանց հարցը քննարկվում է:

Հիմնական արտարժույթների փոխարժեքներն արդեն նվազել են: Դոլարը կազմել է  475, ռուբլին՝  7,18, եվրոն՝ 530, ֆունտը՝ 696 դրամ:

Մայիսի 29-30-ը օդի ջերմաստիճանը Հայաստանի տարածքում կնվազի 3-4 աստիճանով: Երեւանում վաղը եղանակը անձրևոտ ու քամոտ կլինի: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի մինչև 15, իսկ վաղը ցերեկը՝ մինչև +24 աստիճան տաքություն։