Հյուսիսային պողոտայում այսօր` մայիսի 29-ին, NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիային մասնակցեց նաեւ Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Թոռների հետ ակցիային եկած վարչապետն ընդգծեց, որ ինքը մինչ այդ թոռնիկներին պատմել է ակցիայի նպատակի մասին, այն է` ամբողջ հասույթը տրամադրվելու է քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների եւ անապահով ընտանիքների երեխաներին:
«Շատ անհրաժեշտ են նման ակցիաները, ես ուրախ եմ, որ մեր երեխաները պատկերացում ունենան մեր արցախյան պատերազմի եւ մեր հերոսների մասին: Ես իմ թոռնիկներին բացատրել եմ, թե ինչի համար ենք մենք այստեղ, եւ մեր քայլերն ուր են տանում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետը շրջեց Հյուսիսային պողոտայում տեղադրված պաղպաղակի վաճառակետերի մոտ, հետաքրքրվեց, թե ինչքան գումար է արդեն հավաքվել: Հովիկ Աբրահամյանին հատկապես հետաքրքրվեց սիրիահայ «Mr Corn» սեփականատեր Խաչիկ Ասլանյանից, թե արդյոք հարկային պայմանները հարմար են: Այնուհետեւ Հովիկ Աբրահամյանն ու իր չորս թոռնիկները դիտեցին մանկական համերգը եւ լուսանկարվեցին ներկա երեխաների հետ:
Նշենք, որ Երեւանի Հյուսիսային պողոտայում, այսօր՝ առավոտյան ժամը 11-ից ընթանում է NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան, որից ստացված հասույթն այս տարի ամբողջությամբ կհատկացվի ապրիլին Արցախում զոհված զինծառայողների եւ սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնցում կան երեխաներ:
Ակցիայի շրջանակում պաղպաղակ եւ քաղցր ըմպելիքներ են վաճառում հասարակական-քաղաքական գործիչներ, հայկական շոու բիզնեսի աստղերը՝ երգիչ-երգուհիներ, սերիալների հայտնի դերասաններ, հաղորդավարներ, ճանաչված մարզիկներ:
Ակցիան ուղեկցվում է բացօթյա համերգով, որի առաջին հատվածը նախատեսված է մանուկների համար: Բարեգործական ակցիայի այցելուներին սպասում են նվերներ եւ անակնկալներ, երեխաների համար կազմակերպվել են խաղեր, նրանց զվարճացնում են մուլտֆիլմերի հերոսները:
Ակցիային աջակցում են «Թամարա», «Աշտարակ կաթ», «Էլիտ Շանթ», «Մարիաննա» եւ Coca-Cola ընկերությունները, ինչպես նաեւ սիրիահայ Խաչիկ Ասլանյան ԱՁ-ի «Միսթր Քորն» ապրանքանիշը:



















