Կոտայքի մարզի Գողթ գյուղի բնակիչներն այսօր առավոտից շարունակում են փակ պահել Երեւան-Գողթ ճանապարհը: NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ քիչ առաջ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահԱրամ Հարությունյանը գրություն է ուղարկել գողթեցիներին եւ նրանց վստահեցրել, որ Գեղարդալճի ինքնահոսի ոռոգման ծրագրով չի նվազի Գողթ համայնքի հողատարածքների համար անհրաժեշտ ջուրը: Սակայն, գյուղացիները չեն պատրաստվում բացել ճանապարհը, նրանք նշում են, որ իրենց ոչ մի գրություն չի հետաքրքրում, ճանապարհը փակ են պահելու մինչեւ չեղյալ հայտարարվի Գեղարդալճի ինքնահոսի ոռոգման ծրագիրը:
NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ Երեւան-Գողթ ճանապարհի փակ լինելու հետեւանքով բազմաթիվ զբոսաշրջիկներ ստիպված են լինում հետ վերադառնալ, կամ ոտքով անցնել ճանապարհի այդ հատվածը:
Ավել վաղ տեղեկացրել էինք, որ Կոտայքի մարզի Գողթ գյուղի բնակիչներն այսօր փակել են Երևան-Գողթ ճանապարհը` պահանջելով չեղարկել Գեղարդալճի ինքնահոսի ոռոգման ծրագիրը, որով նախատեսվում է Գեղարդալճից ոռոգման համար ջուրը տեղափոխել այլ գյուղեր:
Գյուղացիներն ասում են՝ Գեղարդալճի տարողությունն ընդամենը 2.4 միլիոն խորանարդ մետր է եւ եթե այնտեղից այլ գյուղեր ջուր տեղափոխեն, գյուղացիների հողատարածքների ոռոգման համար ջուր չի մնա:

















