Լուսանկարներում պատկերված ճանապարհը ոչ ավել ոչ պակաս Վանաձոր-Ալավերդի Վրաստան միջպետական ճանապարհն է, որն այլեւս շահագործման համար պիտանի չէ: Գաղտնիք չէ, որ նշված ճանապարհին հարյուրավոր վթարներ են արձանագրվում, որոնց հիմնական պատճառը ճանապարհի ոչ միայն անբարեկարգ, այլ նաեւ համապատասխան նշաններով չապահովված լինելն է:

Թեեւ խոսվում է ճանապարհը հիմնովին նորոգելու 100 մլն եվրոանոց  ծրագրի մասին, բայց դեռ  կոնկրետ շինարարական աշխատանքներ չեն արվում: Այս ամենի հետ զուգահեռ, հազարավոր հայ ու արտասահմանցի վարորդներ ստիպված են լինում ամեն անգամ «ամենաքաղցր» խոսքերով հիշել միջպետական ավտոճանապարհը սպասարկող տրանսպորտի եւ կապի նախարարությանը:

«Օրական տասնյակ հարյուրավոր բեռնատարներ Հայաստանից մեկնում են Վրաստան, Ռուսաստան, նաեւ մարդատար հազարավոր մեքենաներ են անցնում այս ճանապարհով: Բավական է մեկ անգամ անցնել այստեղով, ու անկախ քո կամքից ստիպված ես մեքենադ նորոգողի մոտ տանել, վատագույն դեպքում փոսը շրջանցելիս կարող ես բախվել այլ մեքենայի, կամ էլ ընկնել ձորը»,- մեզ հետ զրույցում նշեցին վարորդները, որոնք հաճախ են անցնում այդ ճանապարհով:

Նրանց խոսքով, բացի ճանապարհի անբարեկարգ վիճակից, փլուզման եզրին են գտնվում նաեւ թունելները, նաեւ սարից հաճախ քարաթափումներ են լինում, ինչը եւս վտանգում է վարորդների կյանքը:

Խնդրի առնչությամբ, Տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ 6) ճանապարհահատվածը հիմնանորոգելու նպատակով բանակցություններ են վարվել մի շարք դոնոր կազմակերպությունների հետ: Արդյունքում երկու դոնորի` Եվրոպական ներդրումային բանկի և Ասիական զարգացման բանկի հետ համաձայնություն է ձեռք բերվել: Ծրագիրը կազմում է մոտ 100 միլիոն եվրո, որի մի մասը կիրականացվի Եվրոպական ներդրումային բանկի, մյուս մասը` Ասիական բանկի ֆինանսավորմամբ: Եվրոպական բանկի հետ համաձայնագիրն արդեն ստորագրվել է, իսկ Ասիական զարգացման բանկի հետ բանակցությունները շարունակվում են:

Նրա խոսքով, առաջիկայում կսկսվի ճանապարհի կապիտալ նորոգումը, որի մեջ կմտնեն ինչպես ճանապարհի նորոգումը, այնպես էլ երեք թունելների հիմնանորոգումը, կոմունիկացիաների կառուցումը: «Կարճ ժամանակ անց կունենանք միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան ճանապարհ: Քանի որ ճանապարհը կապիտալ նորոգվելու է, այդ պատճառով էլ այս տարի բարեկարգման ու սպասարկման աշխատանքներ չեն իրականացվել նշված ճանապարհահատվածի վրա»,-նշեց նա:

Ի դեպ, ճանապարհը կապում է նաեւ Տավուշ մարզի սահմանամերձ շատ համայնքներ: Փաստացի ռազմավարական, միջպետական ու հանրապետական նշանակության այս ճանապարհը թերեւս Հայաստանի ամենավտանգավոր ճանապարհներից մեկն է, եթե ոչ ամենավտանգավորը: